Մատչելի հղումներ

Հակաահաբեկչական զանգվածային միջոցառումներ Մեծ Բրիտանիայում


«MI5» հետախուզական ծառայության ղեկավարի համաձայն, Օլիմպիական խաղերը «ակտիվ թիրախ» են ներկայացնում

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ուրբաթ օրը հայտնել է յոթ անձանց ձերբակալության մասին այն բանից հետո, երբ երկրի մայրուղիներից մեկի վրա կանգնեցված մեքենաներից մեկում զենք է հայտնաբերվել:

Զենքը հայտնաբերվել է Անգլիայի Հարավային Յորկշիր շրջանում՝ մայրուղիներից մեկի վրա կատարվող կանոնավոր ստուգումների ընթացքում: Ոստիկանության ծառայողներին կասկածելի էր թվացել այն հանգամանքը, որ վարորդը երթևեկում էր առանց ապահովագրության:

Մեքենայի զննման արդյունքում ավելի ուշ հայտնաբերվել է հրազեն, այլ զենքեր և նյութեր, որոնց պատճառով ձերբակալվել են վարորդը, մեքենայի ուղևորներն ու այլ անձինք:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի ոստիկանության աղբյուրները նշել են, որ տեղի ունեցածը որևէ առնչություն չուներ երեք շաբաթից երկրում մեկնարկող Օլիմպիական խաղերի հետ:

Ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեղադրանքներով երեքշաբթի և չորեքշաբթի օրը Բիրմինգհեմ քաղաքում ձերբակալվել է վեց երիտասարդ, ևս մեկ կասկածյալ ձերբակալվել է հինգշաբթի օրը՝ Անգլիայի հյուսիսային շրջաններից մեկում:

Ոստիկանության այս հաղորդագրությունից մեկ օր առաջ մեկ այլ, առանձին հակաահաբեկչական գործողության ընթացքում Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է հինգ տղամարդ և մեկ կին՝ ահաբեկչական հարձակում ծրագրելու մեղադրանքներով:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հսկայական միջոցներ են ծախսում՝ Օլիմպիական խաղերի նախօրեին անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Բրիտանական «MI5» հետախուզական ծառայության ղեկավար Ջոնաթան Էվանսի համաձայն, Օլիմպիական խաղերն այնուամենայնիվ «ակտիվ թիրախ» են ներկայացնում:
XS
SM
MD
LG