Մատչելի հղումներ

«Google»-ը զայրացած է ԱԱԳ-ի լրտեսության մասին զեկույցներով


Ընկերության համաձայն, գաղտնալսումների մասին հաղորդագրությունները վկայում են «անհապաղ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին»

Համացանցում որոնումների իրականացման ոլորտում գործող առաջատար «Google» և «Yahoo» ընկերություններն արտահայտել են իրենց վրդովմունքն ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից հաղորդակցման իրենց ցանցեր գաղտնի մուտք գործելու մասին հաղորդագրությունների կապակցությամբ:

«Google» ընկերության հայտարարության մեջ ասված է, որ ընկերությունը «զայրացած» է ԱՄՆ-ի պետական մարմինների կողմից «Google»-ի մասնավոր ցանցերից տվյալներ հավաքելու գործողությունների մասշտաբով՝ շեշտելով, որ այս հաղորդագրությունները վկայում են «անհապաղ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին»:

«Google» ու «Yahoo» ընկերությունները մատնանշել են, որ չեն թույլատրել հեռահաղորդակցման իրենց կապուղիների գաղտնալսումը, որոնց մասին նախօրեին հայտնել էր ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված փաստաթղթերն ու «բանիմաց պաշտոնյաների» հետ անցկացված հարցազրույցները:

Ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի, ԱՄՆ-ի ԱԱԳ-ը և Մեծ Բրիտանիայի իր գործընկեր «GCHQ» կազմակերպությունը իրականացրել են «MUSCULAR» անվանումը կրող համատեղ նախագիծ, որի շրջանակներում գաղտնի եղանակով միացել են «Google»-ի և «Yahoo»-ի աշխարհի տարբեր մասերում գտնվող հզորությունները միմյանց կապող մանրաթելաօպտիկական կապուղիներին, ինչը թույլ էր տվել իրականացնել տվյալների ամբողջական հոսքերի, ներառյալ տեքստային, աուդիո- և տեսանյութերի գաղտնալսումը:

ԱՄՆ-ի ԱԱԳ-ի տնօրեն, գեներալ Քեյթ Ալեքսանդրը չորեքշաբթի օրը սակայն ասել էր, թե իր ղեկավարած գործակալությունը մուտք չի գործել «Google»-ի և «Yahoo»-ի սերվերներ:

«ԱԱԳ-ը դեպի տվյալներ մուտքն իրականացնում է՝ այդ նպատակով ստանալով դատարանի որոշում», - ասել է ԱԱԳ-ի ղեկավարը:

Միացյալ Նահանգներում ԱԱԳ-ը արդեն իսկ ստանում է տվյալներ համացանցային ընկերություններից՝ դատարանից թույլտվություն ստանալով «PRISM» անվանումը կրող ծրագրի շրջանակներում:
XS
SM
MD
LG