Մատչելի հղումներ

«Google». «Խոսքը «Apple»-ինն է»


«Apple» ընկերությունն այս ամսվա սկզբին գործողության մեջ է դրել ընկերության կողմից մշակված քարտեզային ծառայությունը, որը ներառվել է շարժական սարքերի համար նախատեսված «iOS 6» ծրագրային հարթակում

«Google» ընկերությունը որևէ քայլի չի դիմել «Apple» հանրահայտ ընկերության կողմից «Google Maps»` «Google Քարտեզներ» ծրագիրը «iPhone 5»-ի օպերացիոն համակարգում ընդգրկելու ուղղությամբ:

«Apple» ընկերությունն այս ամսվա սկզբին գործողության մեջ է դրել ընկերության կողմից մշակված քարտեզային ծառայությունը, որը ներառվել է շարժական սարքերի համար նախատեսված «iOS 6» ծրագրային հարթակում: Այս հարթակը կիրառվում է ընկերության կողմից վերջերս ներկայացված «iPhone 5» սմարթֆոնում: Քարտեզային ծառայության օգտվողները սակայն բողոքել են, որ տեղորոշման սարքավորումներ և թվային քարտեզներ արտադրող «TomTom NV» հոլանդական ընկերության կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են աշխարհագրական բազմաթիվ սխալներ և զուրկ են «Google Քարտեզներ» ծրագիրն այնքան հանրամատչելի դարձրած հիմնական գործառույթներից:

«Ռոյթերս» գործակալության վկայությամբ, «Google»-ի գործադիր նախագահ Էրիք Շմիդտն ասել է, թե «լավ կլիներ, եթե նրանք [«Apple» ընկերությունը] պահպանեին մեր ծրագիրը: Սակայն մենք ի՞նչ կարող ենք անել», - հավելել է Շմիդտը, - «Ի՞նչ պետք է անեինք՝ ստիպեինք, որ մտափոխ լինեն: Դա իրենց գործն է»:

Շմիդտն ասել է, որ «Googe»-ն ու «Apple»-ը կապ են պահպանում բոլոր մակարդակներով, սակայն «Googe Քարտեզներ» ծրագիրը «Apple» ընկերության առցանց «App Store» ծրագրերի և ծրագրային գործիքների վաճառակետում ընդգրկելու մասին որոշումը պետք է կայացվի «Apple»-ի կողմից, իսկ «Googe»-ն իր հերթին դեռևս որևէ գործողության չի դիմել:

«Googe»-ն ու «Apple»-ը սերտ համագործակցության մեջ էին 2007 թվականին առաջին «iPhone»-ը մշակելու ժամանակ, սակայն ավելի ուշ երկու ընկերությունների միջև հարաբերությունները սրվել են՝ «Googe»-ի կողմից մշակված «Android» շարժական օպերացիոն համակարգի զարգացման պատճառով, որն այժմ դարձել է սմարթֆոններում կիրառվող ծրագրային առաջատար հարթակը:
XS
SM
MD
LG