Մատչելի հղումներ

«Google»-ը 14 տարեկան է


Այս ժամանակահատվածում ընկերությունը որոնման արդյունքներ ցուցադրող համակարգից վերածվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հզոր ընկերության

«Google» ընկերության գլխավոր էջը հինգշաբթի օրը զարդարել է բազմաթիվ մոմերով գույնզգույն տորթի պատկերը, որով ընկերությունը նշում է իր ստեղծման 14-րդ տարեդարձը:

Ընկերության 14-րդ տարեդարձի կապակցությամբ «Քրիսչը Սայենս Մոնիթոր» ամերիկյան պարբերականը գրում է. «Հասկանալու համար, թե 14 տարիների ընթացքում որքան ազդեցիկ է դարձել «Google»-ը, պետք է հիշել, որ այս ժամանակահատվածում ընկերությունը որոնման արդյունքներ ցուցադրող համակարգից վերածվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հզոր ընկերության»:

Ըստ պարբերականի, ընկերությունը, բացի Երկիր մոլորակի, աստղերի և փողոցների քարտեզները կազմելուց, նախատեսում է կազմել նաև օվկիանոսների հատակի քարտեզները:

Այս շաբաթ «Google»-ի գործադիր պաշտոնյաներից մեկը՝ Բրայան ՄըքՔլենդոնն իր բլոգում գրել է, որ ընկերությունը, «The Catlin Seaview Survey» ընկերության հետ համատեղ, նախատեսում է կազմել Ավստրալիայի, Ֆիլիպինների, Հավայան կղզիների ծովային տարածքների քարտեզները, որոնք թույլ կտան դիտել այս վայրերը նույն եղանակով, ինչպես «Google»-ի օգտատերերն այժմ կարող են դիտել քաղաքների փողոցների տեսքը և պատկերները:

«Տեսնելու համար այս ապշեցուցիչ պատկերներն պետք չէ իջնել ջրի տակ», - գրում է ՄըքՔլենդոնը՝ հավելելով. «Այժմ բոլորը կարող են դառնալ «վիրտուալ» Ժաք Իվ Կուստո և ստորջրյա զբոսանք կատարել կրյաների և ձկների հետ Ավստրալիայի, Ֆիլիպինների կամ Հավայան կղզիների ջրերում»:
XS
SM
MD
LG