Մատչելի հղումներ

«General Motors» ընկերությունն ընդլայնելու է արտադրությունը Չինաստանում


Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող «General Motors» ընկերությունը հայտնել է Չինաստանում վաճառքի և արտադրության ոլորտներում գործունեության ընդլայնման մասին՝ հետապնդելով աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող այս երկրի շուկայի հնարավորինս մեծ բաժինը գրավելու նպատակը:

Ընկերության գործադիր տնօրեն Դեն Աքերսոնը Պեկինում անցկացվող ավտոցուցահանդեսի ընթացքում երկուշաբթի օրն ասել է, թե ընկերությունն այս տարի Չինաստանում կբացի մեքենաների վաճառքի ևս 600 կետ՝ ի լրումն երկրում արդեն իսկ գործող 2900 ավտոսրահի:

«General Motors»-ը միաժամանակ նախատեսում է մինչև 2016 թվականն ավելացնել Չինաստանում արտադրվող մեքենաների թիվը մինչև տարեկան 5 միլիոն միավորի՝ կրկնապատկելով անցյալ տարի այդ երկրում վաճառված մեքենաների ցուցանիշը:

Աշխարհի ամենախոշոր ավտոարտադրողը և միջազգային ավտոարտադրող մի շարք այլ ընկերություններ նախատեսում են ընդլայնել գործունեությունը Չինաստանում՝ կանխատեսելով, որի գալիք մի քանի տարվա ընթացքում երկրում կտրուկ աճ կապրի ավտոմեքենաների վաճառքի շուկան, որտեղ անցյալ տարի վաճառվել է 18 միլիոն ավտոմեքենա, իսկ մինչև 2020 թվականը տարեկան վաճառվող ավտոմեքենաների թիվը կարող է կազմել 30 միլիոն միավոր:

Ամերիկյան խոշորագույն երկրորդ ավտոարտադրող «Ֆորդ» ընկերությունը Չինաստանում վերջերս բացել է իր երրորդ գործարանը և հայտնել, որ նախատեսում է մեկնարկել ևս երկու գործարանի շինարարություն:

XS
SM
MD
LG