Ամերիկյան խոշորագույն «General Motors» ընկերությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ անցյալ տարվա ընթացքում ընկերության մեքենաների վաճառքների ծավալն աճել է 12,2 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Չինաստանի արագ զարգացող շուկայում մեքենաների վաճառքի աճող ծավալներով:
2010 թվականին ընկերության վաճառքները Չինաստանում աճել են ավելի քան 28 տոկոսով, և «General Motors»-ը դարձել է այս երկրում մեկ տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն մեքենա վաճառած առաջին ընկերությունը:
Ընկերությունն անցյալ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ վաճառել է 8,4 միլիոն մեքենա: Այս ցուցանիշը մի փոքր զիջում է աշխարհի առաջատար «Toyota» ավտոընկերության ցուցանիշին, որն անցյալ տարի վաճառել է 8,42 միլիոն մեքենա:
«General Motors»-ը հայտնել է նաև ԱՄՆ-ում` աշխարհի իր խոշորագույն երկրորդ շուկայում վաճառքների 6,3 տոկոսով աճի մասին:
Բրազիլիայում, որն ընկերության ամենախոշոր երրորդ շուկան է, 2010 թվականի ընթացքում վաճառքներն աճել են ավելի քան 10 տոկոսով:
«General Motors»-ը վերականգնվել է սնանկության հետ կապված վերակազմակերպումից 2009 թվականի հուլիսին: