Մատչելի հղումներ

Համաշխարհային ժառանգություն հիմնադրամ. «Անիի փլատակներին անհետացում է սպառնում»


Համաշխարհային ժառանգություն հիմնադրամ. «Անիի փլատակներին անհետացում է սպառնում»
Համաշխարհային ժառանգություն հիմնադրամ. «Անիի փլատակներին անհետացում է սպառնում»

Թուրքիայի Կարս վիլայեթում գտնվող հայկական միջնադարյան Անի մայրաքաղաքի փլատակներին անհետացում է սպառնում` սխալ կառավարման և անփույթ վերաբերմունքի պատճառով:

«Today’s Zaman» թուրքական թերթի փոխանցմամբ, այս մասին իր հաշվետվության մեջ է գրում Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող Համաշխարհային ժառանգություն հիմնադրամը:

Հաշվետվությունում հիշատակվում է, որ անհետացում է սպառնում զարգացող երկրներում գտնվող և պատմական արժեք ներկայացնող մոտ 200 հուշարձանի, որոնցից 12-ին սպառնում են անվերականգնելի վնասներ և քայքայում: Այս ցանկի մեջ են մտնում Իրաքում գտվող Նինվեն, Պաղեստինում գտնվող Հիշամի պալատը և Անին:

Թուրքիայի և Հայաստանի սահմանի մոտակայքում գտնվող Անի քաղաքի փլատակները թվագրվում են 11-րդ դարին:

Համաշխարհային ժառանգություն հիմնադրամի հաշվետվության համաձայն, Անիում մնացած շինություններից շատերը հիմնովին քանդվելու եզրին են: Փլատակներին անընդհատ սպառնում են բնության գրկի խնջույքների սիրահարները և փլատակներում ապաստան գտնող անօթևան մարդիկ:

Համաշխարհային ժառանգություն հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Մորգանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Անին, Մաչու Պիկչուի և Անգկոր Վատի նման, աշխարհի ամենակարևոր տասը հուշարձաններից է, որը իր աշխարհագրական դիրքի պատճառով հայտնվել է «քաղաքական ճահճում»: Մորգանը նաև նշել է, որ պատմական այս հուշարձանների վերականգնումը կխթաներ զբոսաշրջության զարգացումը, ինչը կարող է դառնալ դրանց պահպանման և տեղական համայնքների համար գումար վաստակելու աղբյուր:

XS
SM
MD
LG