Մատչելի հղումներ

«Հայաստանը ԵՄ-ի ու Ռուսատանի հետ հարաբերություններում մանևրելու ավելի մեծ հնարավորությունների կարիքն ունի». Կիրակոսյան


«Հայաստանը կանգնած է Եվրամիության աչքերում կեղծավոր և անիրազեկ տպավորություն ստեղծելու վտանգի առջև»

«Հայաստանի արտաքին քաղաքականությանը ԵՄ-ի ու Ռուսատանի հետ հարաբերություններում մանևրելու ավելի մեծ հնարավորություններ են պահանջվում»:

Այս մասին, անդրադառնալով Եվրամիության և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ զարգացումներին, Չինաստանի «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Երևանից գործող «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» հետազոտական կազմակերպության տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Հետազոտական կազմակերպության տնօրենի համաձայն, Հայաստանի կողմից Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Մաքսային միությանը միանալը փակել է Եվրոպական շուկաներ մուտք գործելու Հայաստանի հնարավորությունը և երկրի համար անհասանելի է դարձրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը:

«Եվրամիության արձագանքը, այսպիսով, եղել է չափազանց բացասական, սակայն հիմնավորված. այս միանգամայն անսպասելի քայլը վտանգի տակ է դրել Հայաստանի և Եվրամիության միջև մի քանի տարի առաջ ստանձնած հանձառությունն ու այս ընթացքում անցկացված բանակցությունները», - նշել է Կիրակոսյանը:

«Առավել կարևորն այնն է, որ դրա հետևանքով Հայաստանում կնվազեն ԵՄ-ի կողմից կատարվող ներդրումներն ու սպասումները: Այսպիսով, Հայաստանը կանգնած է Եվրամիության աչքերում կեղծավոր և անիրազեկ տպավորություն ստեղծելու վտանգի առջև», - զգուշացնում է վերլուծաբանը:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատ համարձակ, սակայն անսպասելի քայլ է կատարել Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում՝ ստանձնելով Մաքսային միությանը միանալու հանձնառություն:

Վերլուծաբանի համոզմամբ, շատ առումներով այս որոշումը ռազմավարական սխալ էր, որը արդյունքում Հայաստանը կանգնել է Ռուսաստանից վասալային կախվածության մեջ ընկնելու վտանգի առջև:

«Վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանն իր անկախության և ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված ջանքեր էր գործադրում, ինչպես նաև փորձում էր իրականացնել արտաքին այնպիսի քաղաքականություն, որը միտված էր Արևմուտքի հետ հարաբերություններն ամրապնդելուն՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում գործընկերությունը», - ասել է Կիրակոսյանը՝ նշելով, որ ներկայում այս միտումը հետադարձված է և Հայաստանը կարող է պարզապես դառնալ Ռուսաստանի «կայազորային պետություն»:

Փորձագետը սակայն նշում է, որ Ռուսատանի դիրքորոշման հիմքում ընկած է թուլությունը, այլ ոչ թե հզորությունը, և Հայաստանի վրա ճնշման գործադրումը հուսահատ քայլ է, որը միտված է երկարաժամկետում Ռուսաստանի հզորությունն ու ազդեցությունը վերականգնելուն: Նրա համաձայն, երկարաժամկետում նման քաղաքականությունը չի գործի, սակայն Հայաստանի նման փոքր երկրի համար բավականին դժվար կլինի կրկին ձեռք բերել ռազմավարական մանևրում իրակնացնելու ավելի մեծ հնարավորություններ:

«Ռուսաստանի քաղաքականությունը բավարար ռազմավարական չէ, հակառակը, այն եղել է շատ ավելի կարճ, մարտավարական արձագանք, որը, բացի այդ, հակաարդյունավետ է: Հայաստանն իրականում պետք է առավել լավ օգտագործի աշխարհագրական իր մեկուսացումը և խոցելիությունը, և առավել հեռանկարային ռազմավարական քայլեր ձեռնարկի՝ մի փոքր շահ ստանալու դիմաց չափազանց արագ հանձնվելու փոխարեն», - «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում համոզվածություն է հայտնել Կիրակոսյանը:
XS
SM
MD
LG