Անվիճելի է Արևելքի և Արևմուտքի միջև հավասարություն և փոխադարձ ըմբռնում ստեղծելու գաղափարին լիբանանցի-ամերիկացի պոետ Խալիլ Ջեբրանի նվիրումը: Վաշինգտոնում Արաբ-ամերիկյան ինստիտուտը, ներշնչված նրա գործունեությամբ, վերջին տասներկու տարիներին մրցանակ է տրամադրում պոետի արժեքները կիսողներին:
Լիբանանցի-ամերիկացի պոետ և փիլիսոփա Խալիլ Ջեբրանն ասել է. “Ես սիրում եմ քեզ, եղբայրս, ով էլ լինես` եկեղեցում պաշտող, տաճարում ծնկի եկող, թե մզկիթում աղոթող”:
Ջեբրանի հայտնի գիրքը` “Մարգարեն” արտացոլում է ռասսայական, էթնիկ և կրոնական համայնքների տարբերություններն ըմբռնելու նրա նվիրվածությունը:
Այս տարի Ջեբրանի մրցանակ շնորհվել է Չիկագոյի քաղաքապետ Ռիչարդ Դալիին` ի նշան տեղական մակարդակում ԱՄՆ-ի և Արաբական աշխարհի հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի, որով և սկիզբ դրվեց Չիկագոյի քաղաքային դպրոցներում արաբերեն լեզվի ուսուցմանը:
“Լեզուն կարևոր է երիտասարդ սերնդին տարրական և ավագ դպրոցում աշխատանքի հնարավորությունների մասին իրազեկելու համար, ինչպես նաև հասկանալու, թե որքան մեծ է արաբական աշխարհի ներդրումը քաղաքակրթության մեջ”,-ասաց Չիկագոյի քաղաքապետ Դալին:
Մրցանակ շնորհվեց նաև Նյու Օրլեանի բնակիչ և ամերիկացի գրող Դեյվ Էգըրսի գրքի հերոս Աբդուլ Ռահման Զեյթունին:
Քաթրինա փոթորկի ժամանակ Զեյթունը փոքրիկ նավակով հինգ օր շարունակ անհրաժեշտ իրեր և օգնություն է տրամադրել տուժածներին և փրկել, ում կարողացել է: Ահաբեկչության կասկածանքով նրան ձերբակալել են և կալանել 20 օրով:
“Մուհամեդ մարգարեն մեզ հորդորել է օգնել հարևանին` “Անհնար է կուշտ փորով քնել, եթե հարևանդ սոված է”,-ասում էր նա: Յուրաքանչյուր մահմեդական պարտավոր է օգնել ըստ իր կարողությունների”,-բացատրում է Զեյթունը:
Արաբ-ամերիկացի դատավոր Ռոզմարի Բարքեթին մրցանակ շնորհվեց արդարությանը և հավասարությանն ուղղված նրա հանրային ծառայության դիմաց: Բարքեթը 1994թ. աշխատում է Ֆլորիդայի բողոքարկման նահանգային դատարանում:
“Իմ պատմությունը յուրօրինակ չէ: Նման պատմությունները կրկնվել են հազարավոր անգամներ, և այդ կրկնությունների միջոցով է ամրապնդվել մեր Ամերիկայի արժեքները”,-համոզված է նա:
ԱՄՆ կառավարության անկախ գործակալություն Ազգային և համայքային ծառայությունների կորպորացիային մրցանակը շնորհվեց կարիքավոր ամերիկացիներին աջակցելու համար:
“Հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են մարդասիրական այն բոլոր արժեքների մասին, որոնք ցանկանում ենք տեսնել մեր կյանքում”, - մրցանակաբաշխությանն ասաց Արաբ-ամերիկյան ինստիտուտի նախագահ Ջեյմս Զոգբին: