Մատչելի հղումներ

Գերմանիան ու Թուրքիան արտգործնախարարություն են հրավիրել միմյանց դեսպանների


Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ. «Թուրքիայի նախարարի կողմից թույլ տված արտահայտությունն անընդունելի է»

Գերմանիան ու Թուրքիան ուրբաթ օրն արտգործնախարարություն են հրավիրել միմյանց դեսպաններին՝ մեկը մյուսից վրեժխնդիր լինելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի կողմից Թուրքիայում բողոքի ցույցի մասնակիցների դեմ իրականացված բռնությունների քննադատության և որպես Եվրոպական Միության անդամ Թուրքիային տեսնելու կանցլերի դժկամության կապակցությամբ:

Մերքելի կողմից Թուրքիայում բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունները նախօրեին «զարհուրելի» անվանելուց հետո, Թուրքիայի նախարարների խորհուրդի անդամներից մեկը մեղադրել է կանցլերին Եվրամիությանը Թուրքիայի միանալու գործընթացն արգելափակելու մեջ՝ ասելով, թե Մերքելը «վերընտրվելու համար ներքին շուկայում քաղաքական նյութ է հավաքում»:

Բեռլինն ուրբաթ օրն արձագանքել է այս հայտարարությանը՝ արտգործնախարարություն հրավիրելով Թուրքիայի դեսպանին, որից հետո Թուրքիան նույն եղանակով վրեժխնդիր է եղել:

Եվրամիության անդամ բազմաթիվ պետություններ սատարում են Թուրքիայի հետ գալիք շաբաթ ԵՄ-ում անդամակցության վերաբերյալ կայանալիք բանակցությունների անցկացումը՝ պնդելով, որ դաշինքի համար նպաստավոր կլինի այդ երկրի անդամությունը՝ վերջինիս արագ աճող տնտեսության, երիտասարդ բնակչության և դիվանագիտական ոլորտում ունեցած ազդեցության պատճառով:

Գերմանիան սակայն քննադատության էր ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ իրականացված բռնի արձագանքը և հրաժարվել է նոր բանակցություններ մեկնարկելուց, ինչը դարձել է երեք տարվա ընթացքում արված նման առաջին քայլը:

Մերքելի պահպանողական կուսակցության անդամները Գերմանիայում գալիք սեպտեմբերին կայանալիք ընտրությունների համար ներկայացվող իրենց քաղաքական հարթակում մերժում են Թուրքիայի անդամությունը՝ նշելով, որ այդ երկիրը «կծանրաբեռնի դաշինքը՝ դրա տարածքի և տնտեսության ծավալի մեծության պատճառով», սակայն Մերքելը չի պնդել ԵՄ-ում անդամության բանակցությունները լիարժեք դադարեցումը:

«Ո՛չ կանցլերը, ո՛չ էր կառավարությունը որևէ կերպ հարցականի տակ չեն դնում անդամության գործընթացը», - ասել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Գեորգ Շտրայթերը՝ հավելելով. «Մենք կասկածի տակ չենք դնում անդամության գործընթացը, սակայն ցանկանում ենք քննարկել, թե ինչպես շարունակել այն»:

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Անդրեաս Փեշկեն իր հերթին ասել է, թե Թուրքիայի նախարարի կողմից թույլ տված արտահայտությունն «անընդունելի» է, և որ Բեռլինում Անկարայի դեսպանն ուրբաթ օրվա սկզբին հրավիրվել էր՝ «խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»:

Թուրքիան արձագանքել է՝ արտգործնախարարություն հրավիրելով Անկարայում Գերմանիայի դեսպանին: «Ռոյթերս» գործակալության վկայությամբ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, թե «մենք ցանկանում ենք տեղեկացնել նրան վերջին իրադարձությունների շուրջ մեր ունեցած հայացքները»:
XS
SM
MD
LG