Մատչելի հղումներ

Գերմանիան հույս է հայտնել, որ բանակցություններն Ուկրաինայում կնպաստեն լարվածության նվազեցման


Մոսկվան պնդում է, որ բանակցությունները չեն կարող հաջողությամբ ավարտվել առանց Կիևի և անջատողականների միջև ուղիղ երկխոսության

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեքշաբթի օրը Ուկրաինա անցկացվող իր այցի ընթացքում հույս է հայտնել, որ այս շաբաթ կայանալիք «կլոր սեղանի» բանակցությունները երկրի քաղաքական գործիչների և քաղաքացիական կազմակերպությունների միջև կնպաստեն ռուսաստանամետ անջատողականների զինաթափման և կբարելավեն երկրում տիրող մթնոլորտը՝ այս ամիս ավելի ուշ կայանալիք ընտրություններին ընդառաջ:

Արտգործնախարար Շտայնմայերն Օդեսա քաղաք մեկնելուց առաջ Կիևի օդանավակայանում հանդիպում է ունեցել Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկի հետ:

Շտայնմայերի համաձայն, Ուկրաինայի որոշ շրջաններում իրավիճակը «լարված և սպառնացող» է մանում՝ հավելելով, որ այժմ խիստ կարևոր է, որ մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններում մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընտրողներ:

«Մենք սատարում ենք նաև Ուկրաինայում կլոր սեղանների անցկացման միջոցով, կենտրոնական կառավարության մակարդակով և տարածաշրջաններում ազգային երկխոսության մեկնարկմանն ուղղված ջանքերը՝ Ուկրաինայի անունից, այստեղ՝ ձեր երկրում», - Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատարի հետ անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Արտգործնախարար Շտայնմայերը հույս է հայտնել, որ այս պայմանների ներքո հնարավոր կդառնա ձեռնարկել քայլեր՝ գրավված շենքերը վերադարձնելու համար և հետագայում «զինյալների անօրինական խմբերի զինաթափման և բռնություններ իրագործելու պետության մենաշնորհը վերականգնելու համար»:

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Յացենյուկը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի նախկին դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերին, որը վարում է Մյունխենում անցկացվող անվտանգության ամենամյա համաժողովը, «կլոր սեղան» նախապատրաստելու և վարելու պատրաստակամություն հայտնելու համար: Կիևի համաձայն, «կլոր սեղանը կարող է մեկնարկել արդեն չորեքշաբթի օրը:

Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են տեղեկություններ ներկայացնել այն մասին, թե որ խմբերն են մասնակցելու բանակցություններին, սակայն երկրի նախագահի պաշտոնակատար Օլեկսանդր Տուրչինովն ավելի վաս ասել էր, որ բանակցություններին չեն կարող մասնակցել «ահաբեկիչները»՝ նկատի ունենալով ռուսաստանամետ անջատողականներին:

Մոսկվան իր հերթին պնդում է, որ բանակցությունները չեն կարող հաջողությամբ ավարտվել առանց Կիևի և անջատողականների միջև ուղիղ երկխոսության:
XS
SM
MD
LG