Գերմանիայի դաշնային դատախազների կարծիքով, ԱՄՆ-ի զինծառայողների վրա չորեքշաբթի օրը կատարված զինված հարձակումը ոգեշնչվել է մահմեդական ծայրահեղականների կողմից։
Հարձակումը կատարած կասկածյալը՝ Կոսովոյի 21-ամյա բնակիչ Արիֆ Ուկան կրակ էր բացել ԱՄՆ-ի օդուժի ծառայողներին օդանավակայան տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել է երկու մարդ։
Սպասվում է, որ նա դատարանի առջև է կանգնելու հինգշաբթի օրը։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ՝ ըստ որի «հարձակումը վշտացրել և զայրացրել» է նրան։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ հավելելով, որ գործի շուտափույթ բացահայտման համար կառավարությունը ջանք չի խնայելու։
Կոսովոյի կառավարությունը նույնպես դատապարտել է կատարված հարձակումը։