Գերմանական արբանյակներից մեկը օրերս մուտք կգործի Երկրի մթնոլորտ, սակայն դեռևս հայտնի չէ, թե որտեղ են ընկնելու արբանյակի բեկորները:
Այս հայտարարությամբ հինգշաբթի օրը հանդես է եկել Գերմանիայի տիեզերագնացության կենտրոնը՝ ասելով, որ «ROSAT» անվանում կրող արբանյակն ունի մարդատար «մեքենայի չափեր»:
Երկրի մթնոլորտ մուտք գործելու արդյունքում, որի ընթացքում այն վայր է ընկնելու ժամում 28 000 կիլոմետր արագությամբ, արբանյակը մասամբ կայրվի, սակայն դրա որոշ մասեր Երկիր են հասնելու շաբաթ կամ կիրակի օրերին:
Վերջին հաշվարկների համաձայն, Երկրի մակերևույթ կարող է հասնել մոտ 30 բեկոր, որոնց ընդհանուր քաշը կկազմի 1,7 տոննա:
Գերմանիայի տիեզերագնացության կենտրոնի համաձայն, այն այլևս կապ չի պաշտպանում 1990 թվականին գործարկված արբանյակի հետ, որն օգտագործվել է որպես ռենտգենային աստղադիտարան:
Գիտնականների կարծիքով, արբանյակի ամենամեծ բեկորը, որը կարող է հասնել Երկրի մակերևույթ, կարող է լինել աստղադիտակի ջերմակայուն հայելին: