Մատչելի հղումներ

Գերմանիայի դատարանը հավանության է արժանացրել ֆինանսական օգնության մշտական հիմնադրամի ստեղծումը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքել. «Որոշումը բարենպաստ է ինչպես Գերմանիայի, այնպես էլ Եվրոպայի համար»

Գերմանիայի գերագույն դատարանը մերժել է եվրոն որպես արժույթ օգտագործող՝ 17 պետությունների մասնակցությամբ գործող արժութային միությունում ֆինանսական օգնության մշտական հիմնադրամի ստեղծմանը խոչընդոտելուն ուղղված փորձերը:

Դատարանի որոշմամբ միաժամանակ բացվել է Եվրոպայում արդեն երեք տարի շարունակվող ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակ ունեցող հիմնադրամի ստեղծման ճանապարհը:

Երկրի Դաշնային սահմանադրական դատարանը չորեքշաբթի օրը կայացրել է որոշում, որի համաձայն Գերմանիան կարող է հավանության արժանացնել 644 միլիարդ դոլար ծավալով «Եվրոպայում կայունության մեխանիզմ» անվանումը կրող հիմնադրամի ստեղծմանն այն դեպքում, եթե բավարարվեն որոշակի պայմաններ: Այս պայմաններից է Գերմանիայի կողմից 244 միլիարդ եվրոյով սահմանափակվող մասնակցությունը հիմնադրամին, որը կարող է ավելացվել միայն երկրի խորհրդարանի կողմից հավանության արժանանալու դեպքում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը գովասանքի խոսքեր է ուղղել դատարանին այս որոշման կապակցությամբ ՝ ասելով, որ նման որոշումը բարենպաստ է «ինչպես Գերմանիայի, այնպես էլ Եվրոպայի համար»:

Եվրոպայում խոշորագույն տնտեսությունն ունեցող Գերմանիան ֆինանսական օգնության տրամադրման հիմնադրամի կարևորագույն մասնակիցներից է: Հիմնադրամը ստեղծվել է պարտքային ճգնաժամ ապրող Եվրոպայի պետությունների տնտեսությունները փրկելու նպատակով, սակայն Գերմանիայի որոշ օրենսդիրներ մտահոգություն են արտահայտել մայրցամաքի այլ պետություններին ֆինանսական օգնության տրամադրումը շարունակելու կապակցությամբ:
XS
SM
MD
LG