Մատչելի հղումներ

Վրաստանում երկու կողմերը հայտարարել են հաղթանակ տանելու մասին


Իվանիշվիլի. «Ես իրագործել եմ իմ վաղեմի նպատակը»

Վրաստանի քաղաքական երկու հիմնական ուժերի առաջնորդները երկրում անցկացված խորհրդարանական քվեարկության ավարտվելուն պես հանդես են եկել հաղթանակ տանելու մասին հայտարարություններով՝ այսպիսով հիմք նախապատրաստելով քաղաքական լարված դիմադրության:

Երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը պաշտոնավարման ութ տարիների ընթացքում դեմ առ դեմ է կանգնել իր իշխանությանը նետած ամենալուրջ մարտահրավերին, ընտրությունների ավարտից հետո հադես գալով ազգային հեռուստատեսությամբ ասել է, թե իր գլխավորած «Միացյալ ազգային շարժում»-ը նվաճել է 150 տեղ ունեցող խորհրդարանում տեղերի մեծ մասը:

Ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի սակայն, նույնպես ազգային հեռուստատեսությամբ, իր հերթին հայտարարել է հաղթանակ տանելու մասին:

«Կարծում եմ՝ նոր խորհրդարանում կստանանք առնվազն 100 տեղ: Ես իրագործել եմ իմ վաղեմի նպատակը», - ասել է Իվանիշվիլին՝ կանխատեսելով, որ «Վրացական երազանք» դաշինքը նվաճել է խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար տեղերի բավարար թիվը:

Վրաստանում իշխանության գլուխ կանգնած կուսակցության խոսնակ Գիորգի Խաչիձեի գնահատականների համաձայն, իշխող կուսակցության խորհրդարանական դաշինքի կողմից նվաճած տեղերի թիվը նվազել է առնվազն մեկ երրորդով՝ 119-ից հասնելով 80-ի: Խաչիձեի կանխատեսումների համաձայն, ընդդիմությունը փորձելու է խորհրդարանում մեծամասնություն կազմել:

Վրաստանում երկուշաբթի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևել է օտարերկրյա ավելի քան 400 դիտորդ: Սպասվում է, որ երեքշաբթի օրը դիտորդների հրապարակվելիք հաշվետվությունները մեծ ազդեցություն կունենան այն բանից վրա, թե արդյոք երկրի քաղաքացիները որպես արդար կընկալեն անցկացված ընտրությունները:

Ընտրատարածքներից դուրս եկողների՝ «էքզիթ-փոլ»-երի հարցումների արդյունքների ճշգրիտ լինելու դեպքում ընդդիմությունը կստանա ձայների, իսկ իշխող կուսակցությունը՝ խորհրդարանական տեղերի մեծամասնությունը: Որոշ վերլուծաբանների համաձայն, նման արդյունքը կարող է հանգեցնել Վրաստանում իրավիճակի ապակայունացման:
XS
SM
MD
LG