Մատչելի հղումներ

Վրաստանի նախագահը սատարել է լուսանկարիչների ձերբակալությունը


Վրաստանի նախագահը սատարել է լուսանկարիչների ձերբակալությունը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ուրբաթ օրը սատարել է լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ մեղադրվող լուսանկարիչների ձերբակալությունը:

Նախագահ Սահակաշվիլին ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «լուսանկարիչները լրջորեն նվազեցրել են մեր հիմնարկությունների անվտանգությունը»:

Չորս լուսանկարիչներ, որոնց թվում է նաև նախագահի անձնական լուսանկարիչը, ձերբակալվել են հինգշաբթի օրը: Նրանք մեղադրվում են օտարերկրյա պետությանը գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ:

Վրաստանի իշխանությունները հաճախ մեղադրում են Ռուսաստանին Վրաստանի տարածքում լրտեսական ցանցեր ստեղծելու և լրտեսների միջոցով գաղտնի տեղեկություններ հավաքելու մեջ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության համաձայն, ձերբակալված չորս լուսանկարիչներն են նախագահի լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն, Գեդենիձեի տիկին Նատալիան, եվրոպական «Պրեսֆոտո» գործակալության լուսանկարիչ Զուրաբ Քուրցիքիձեն և երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն:

Լուսանկարիչների ձերբակալության ընթացքում Վրաստանի ոստիկանության ծառայողները խուզարկել են իրենց տները` առգրավելով համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլ սարքավորումներ:

Վրաստանի դատարաններից մեկը չորեքշաբթի օրը դատապարտել է ինը անձանց, որոնց թվում կար ռուսաստանի առնվազն մեկ քաղաքացի, 11-ից 14 տարվա ազատազրկման` հօգուտ Ռուսաստանի լրտեսական գործունեություն իրականացնելու համար:

Վրաստանի ու Ռուսաստանի միջև 2008 թվականին տարածքային վեճի պատճառով տեղի էր ունեցել կարճ, սակայն արյունալի պատերազմ:

XS
SM
MD
LG