Մատչելի հղումներ

Հայազգի երկու անձինք իրենց մեղավոր են ճանաչել Վրաստան միջուկային նյութերի մաքսանենգության մեջ


Հայազգի երկու անձինք իրենց մեղավոր են ճանաչել Վրաստան միջուկային նյութերի մաքսանենգության մեջ

Գաղտնի դատավարության ընթացքում հայազգի երկու անձինք իրենց մեղավոր են ճանաչել Վրաստան միջուկային նյութեր մաքսանենգելու և գաղտնի գործակալի այն վաճառելու փորձ կատարելու մեջ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես է եկել վրաստանի ներքին գործերի նախարարը:

«Ֆրանս պրես» գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ութիաշվիլիին, հայտնել է, որ Սմբատ Տոնոյանը և Հրանտ Օհանյանը ձերբակալվել էին մարտ ամսին անցկացված թիրախային գործողությունների արդյունքում` Հայաստանից Վրաստան մաքսանենգ եղանակով 18 գրամ ուրան ներմուծելու համար:

Նրանք ձերբակալվել են Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության արդյունքում:

Ձերբակալվածները փորձել են 1,5 միլիոն դոլարով նյութը վաճառել մի գործակալի, որը, ինչպես կարծում էին մաքսանենքները, մահմեդական ծայրահեղականների ներկայացուցիչ էր:

Այս գործողությունները Ութիաշվիլին անվանել է «միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ստորաբաժանման մեծ հաջողություն»:

Վերջին տարիներին Վրաստանը մոտ 50 միլիոն դոլարի օգնություն է ստացել Վաշինգտոնից` միջուկային նյութերի մաքսանենգության դեմ պայքարելու նպատակով:

Հաղորդագրությունների համաձայն, փորձաքննությունների արդյունքները ցույց են տալիս, որ ուրանը մոտ 90 տոկոսով հարստացված է եղել, ինչը հնարավոր է օգտագործել միջուկային զենք պատրաստելու համար:

Մաքսանենգ ճանապարհով ներմուծված ուրանը ձերբակալվածները փորձել են վաճառել որպես նմուշ` պնդելով, որ կարող են ձեռք բերել ավելի մեծ քանակությամբ ուրան:

Վրաստանի նախագահը տեղեկացրել է աշխարհի պետությունների ղեկավարներին այս գործի մասին ապրիլ ամսին Վաշինգտոնում անցկացված միջուկային հարցերով գագաթաժողովի ժամանակ, սակայն Ութիաշվիլիի համաձայն, բոլոր մանրամասներն անհնար է եղել հրապարակել` կասկածյալների խոստովանությունից առաջ:

Ութիաշվիլիի համաձայն, մաքսանենգներից յուրաքանչյուրին կարող են դատապարտել բանտարկության տասը տարվա` հավելելով, որ գաղտնի գործակալների ինքնությունը պաշտպանելու նպատակով դատավարությունը Վրաստանում անցկացվում էր գաղտնի:

XS
SM
MD
LG