Մատչելի հղումներ

Վրաստանն ակտիվացնում է ՆԱՏՕ-ի անդամակցությանն ուղղված աշխատանքները


Թբիլիսիում հույս ունեն, որ դաշինքին միանալու գործողությունների ծրագիրը կհաստատվի արդեն այս տարվա աշնանը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ասել է, որ Թբիլիսին ակտիվացնում է ՆԱՏՕ-ին միանալու աշխատանքները՝ Ռուսաստանի կողմից խորհրդային նախկին պետությունների նկատմամբ ագրեսիայի զսպմանն ուղղված ավելի լայն ռազմավարության շրջանակներում:

«Ուոլ Սթրիտ Ջորնըլ» պարբերականին տված հարցազրույցում պաշտպանության նախարար Ալասանիան նշել է, որ Վրաստանի կառավարությունը հույս ունի, որ Մեծ Բրիտանիայում այս տարվա սեպտեմբերին Հյուսիսատլանտյան դաշինքի կայանալիք գագաթաժողովի ընթացքում դաշինքը կսատարի ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության գործողությունների ծրագիրը:

Ալասանիայի համաձայն, այս նպատակին հասնելու համար ինքն ու Վրաստանի այլ պաշտոնյաները ակտիվ քննարկումներ են ծավալել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Գերմանիայի հետ:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, անկասկած, մեծ ազդեցություն են գործում Եվրոպայում մտածելակերպի վրա: Այնտեղ այժմ այլ կերպ են մտածում», - ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ալասանիան՝ հիշեցնելով, որ ավելի վաղ կային մտավախություններ այն մասին, որ ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցությունը կարող է հրահրել Ռուսաստանի ագրեսիան:

Վրաստանի պաշտպանության նախարարը, բացի այդ, հորդորել է Միացյալ Նահանգներին ու ՆԱՏՕ-ի անդամներին ակտիվացնել խորհրդային նախկին երկրների հետ համագործակցությունը՝ Կրեմլը զսպելուն ուղղված ջանքերի շրջանակներում:

«Մենք պետք է կենտրոնանանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զսպելուն ուղղված երկարաժամկետ աշխատանքի վրա: Այս աշխատանքը ներառում է տեղերում համապատասխան ուժերի և միջոցների տեղակայումը», - ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
XS
SM
MD
LG