Վրաստանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի օժանդակության ծրագրերից մեկի միջոցով վերականգնված ճանապարհներից մեկի բացումը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ճանապարհի բացումը «պատմական» է անվանել` հայտարարելով, որ այն «վերջ է դրել Սամցխե-Ջավախք տարածաշրջանի փաստացի մեկուսացմանը»:
«Civil.ge» լրատվական ծառայության փոխանցմամբ, ճանապարհը, որը սկիզբ է առնում Թբիլիսիի հարավում, Քվեմո Քարթլի տարածաշրջանով միանում է Ախալքալաք քաղաքին: Ախալքալաքից ճանապարհը բաժանվում է. ճանապարհներից մեկը տանում է դեպի Վրաստանի հետ Թուրքիայի, մյուսը` Հայաստանի սահմանները:
Ճանապարհը զգալիորեն կրճատելու է Ջավախքից դեպի Թբիլիսի հասնելու համար պահանջվող ժամանակը:
Ելույթ ունենալով հիմնականում հայերով բնակված Ախալքալաքում անցկացված հավաքի ժամանակ` Վրաստանի նախագահը նշել է, որ «այս օրը պատմական է ամբողջ Վրաստանի համար»: