Մատչելի հղումներ

Վրաստանի նոր նախագահը կդառնա Մարգելաշվիլին


Գերոգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողություն կանցկացվի նոյեմբերի 17-ին

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, երկրում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում Գերորգի Մարգվելաշվիլիի համոզիչ հաղթանակի մասին տեղեկությունները հաստատվել են:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով երկրի ընտրատարածքների 99,68 տոկոսից ստացված տեղեկությունները, հաղորդել է «Վրացական երազանք» իշխող դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի կողմից ձայների առնվազն 62,12 տոկոսը ստանալու մասին:

Ընտրապայքարում երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն՝ ստանալով ընտրողների ձայների 21,72 տոկոսը: Երրորդ տեղում է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, որի օգտին քվեարկել է ընտրողների 10,18 տոկոսը:

Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցել է երկրում գրանցված 3 537 719 ընտրողների 46,6 տոկոսը:

Դավիթ Բաքրաձեն արդեն իսկ ճանաչել է իր պարտությունը և շնորհավորել Գեորգի Մարգվելաշվլիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նույնպես ընդունել է, որ իր կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին չի հաջողվել հավաքել ձայների մեծամասնությունը: Սահակաշվիլին այնուամենայնիվ զերծ է մնացել շնորհավորանքներից՝ կարծիք արտահայտելով, որ այս նախագահական ընտրությունների ընթացքում «Վրաստանը մեկ քայլ հետ է արել»:

Նինո Բուրջանաձեն հրաժարվել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված արդյունքներն ընդունելուց՝ պնդելով, որ ինքը զբաղեցրել է երկրորդ տեղը: Բուրջանաձեն սպառնացել է անցկացնել բողոքի ակցիաներ՝ փողոց դուրս բերելով իր կողմնակիցներին:

Վրաստանի նոր՝ չորրորդ նախագահի երդմնակալության արարողությունը կանցկացվի նոյեմբերի 17-ին:

Նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթանակ տարած Գեորգի Մարգվելաշվիլին 44 տարեկան է, սովորել է Վրաստանում և Հունգարիայում, ունի փիլիսոփայության դոկտորի կոչում: Տասը տարուց ավելի Մարգվելաշվիլին դասավանդել է տարբեր ԲՈՒՀ-երում, 2000-ից 2006 թվականներին զբաղեցրել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) ռեկտորի պաշտոնը:
XS
SM
MD
LG