Մատչելի հղումներ

Վրաստանի զինվորականները կվերապատրաստեն Աֆղանստանի իրենց գործընկերներին


Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի, 2014 թվականից հետո Վրաստանի խաղաղապահների հիմնական խնդիրը կդառնա Աֆղանստանի իրենց գործընկերներին վերապատրաստության տրամադրումը

«Աֆղանստանում միջազգային ուժերի կազմում խաղաղապահ առաքելությանը մասնակցող Վրաստանի զինծառայողները 2014 թվականին առաքելության ժամկետը լրանալուց հետո չեն մասնակցի ռազմական գործողությունների»:

Այս մասին հունվարի 8-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իռաքլի Ալասանիան:

«ՆԱՏՕ-ի հետ համատեղ մենք մասնակցում ենք առաքելության ապագա ձևաչափի ծրագրավորման, ինչպես նաև առանձին պետությունների համար նախատեսված ծրագրի մշակման աշխատանքներում», - ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Իռաքլի Ալասանիան նշել է նաև, որ Վրաստանը կմշակի սեփական ռազմավարություն, որը կորոշի, թե ինչպիսի ձևաչափով կշարունակվի Աֆղանստանի զինված ուժերին վերապատրաստման տրամադրումը:

«Մեր զինված ուժերը չեն մասնակցի ռազմական գործողությունների: Այնուամենայնիվ, նրանք կմասնակցեն Աֆղանստանի մեր գործընկերների վերապատրաստման և մեզ հետ կկիսեն ՆԱՏՕ-ի առաքելության կազմում ձեռք բերված փորձառությունը: Նախատեսում ենք նաև նրանց տրամադրել Վրաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում կրթությունը շարունակելու հնարավորություն», - նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետություններից Վրաստանն Աֆղանստան է ուղարկել ամենամեծ զորաբաժին: Աֆղանստանում ներկայում ծառայություն է անցնում Վրաստանի 1571 խաղաղապահ:

Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն, 2009 թվականից Աֆղանստանում զոհվել է 19, վնասվածքներ ստացել՝ 93 զինծառայող:
XS
SM
MD
LG