Մատչելի հղումներ

Գենետիկորեն ձևափոխված բջիջները պայքարում են լեյկոզի դեմ


Գենետիկորեն ձևափոխված բջիջները պայքարում են լեյկոզի դեմ
Գենետիկորեն ձևափոխված բջիջները պայքարում են լեյկոզի դեմ

Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները զեկուցել են, որ հաջողությամբ բուժել են լեյկոզը` արյան քաղցկեղի մահացու տեսակը` հիվանդին ներարկելով գենը փոփոխող իմունային համակարգի բջիջներ, որոնք ոչնչացնում է քաղցկեղը:

Փենսիլվանիայի համալսարանի Աբրամսոն քացկեղի կենտրոնի գիտնակաները վերջին 20 տարիներին փորձել են կատարելագործել եղանակը, որը խրոնիկ ավշաբջջային լեյկոզով տառապող հիվանդների արյան հատուկ բջիջները վերածում է քացկեղ ոչնչացնող բջջի: Նրանք հիվանդի արյան մեջից վերցնում են այսպես կոչված «Թ-բջիջը», գենետիկորեն ձևափոխում այն և նորից ներարկում հիվանդին: Ձևափոխված բջիջներն այնքան արդյունավետ են գտել և ոչնչացրել քաղցկեղի բջիջները, որ հետազոտողներն այն կոչել են «սերիական մարդասպան»: Հետազոտության ավագ հեղինակ բժիշկ Քարլ Ջյունի խոսքերով` դա պարզապես փորձ էր, որ շրջադարձային արդյունքներ ունեցավ:

«Իրական փորձը գերազանցեց մեր պատկերացումները, քանի որ պարզվեց, որ մեր բոլոր երեք հիվանդները նշանակալի հակաուռուցքային արձագանք ունեցան, և բոլոր երեք հիվանդների մոտ լեյկոզը վերացավ»:

Կլինիկական փորձին մասնակցած երեք հիվանդները լեյկոզի այն փուլում էին, երբ բուժման որևէ ավանդական եղանակ այլևս անօգուտ էր: Գենետիկական գործիքներով աշխատող հետազոտողներն ասում են, որ սա քաղցկեղով հիվանդների կլինիկական փորձերի մեջ առաջին դեպքն է, երբ ներարկելուց հետո ձևափոխված Թ-բջիջը կենդանի է մնում, կարողանում գտնել և սպանել քաղցկեղի բջիջները նույնիսկ վեց ամսի անց:

Բրյուս Լիվայնը հետազոտության համահեղինակներից է:

“Սա հակամարմնի կամ քիմիական բուժման նման չէ, որը պետք է շարունակաբար տրվի հիվանդին: Այս դեղամիջոցը նախագծված բջջային արդյունք է, որը տրվում է, դիմադրում, բաժանում և սպանում ուռուցքը”:

Քաղցկեղի ամերիկյան հասարակությունը ուսումնասիրությունն անվանել է ոգևորող, սակայն զգուշացրել, որ ավելի շատ հետազոտություն է հարկավոր հաստատելու Թ-բջիջ գենի բուժման օգտակարությունը:

«Մենք գիտենք, որ այս վերստեղծված բջիջները կարող են օգտակար լինել որոշ ժամանակ, սակայն դրանք կարող են նաև վնասակար լինել: Անհրաժեշտ է դեռ ուսումնասիրություններ կատարել` նախքան հայտարրելը, որ այն կարող է օգտագործվել լեյկոզի այս մասնակի դեպքի բուժման համար»:

Փորձին մասնակցած երեք հիվանդներից երկուսն արդեն չունեն քաղցկեղ: Երրորդի մոտ քացկեղի որոշ հետքեր դեռ կան, սակայն վիճակը բարելավվում է: Բուժումը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ` բարձր ջերմություն, սրտի խափանում, դժվարաշնչելիություն: Հետազոտողները նաև հետևում են, թե որքան երկար ժամանակ քացկեղը կմնա անհետացած:

XS
SM
MD
LG