Մատչելի հղումներ

«Ողջունում եմ նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև անցկացված հանդիպումը». Եվրոպայի հարցերով ՄԲ նախարար


«Մենք հորդորում ենք երկու նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հարատև կարգավորման ուղղությամբ»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը ողջունել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյթիդ Լիդինգթոնը:

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, երկու պետությունների նախագահների միջև 2012 թվականի հունվարից հետո կայացած առաջին հանդիպումը, որը համակարգվել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից, «դրական քայլ է՝ երկու առաջնորդների միջև պարբերական և բովանդակային քննարկումները վերսկսելու ուղղությամբ»:

«Մենք հորդորում ենք երկու նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հարատև կարգավորման ուղղությամբ», - ասված է Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դեյթիդ Լիդինգթոնի հայտարարության մեջ:

Սարգսյանի և Ալիևի հանդիպմանն ավելի վաղ անդրադարձել էր ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, որը ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը և գովասանքի խոսքեր ուղղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին և նրանց կողմից բարձր մակարդակի հանդիպումները վերսկսելուն ուղղված ջանքերին:

«Եվրոպական Միությունը պատրաստ է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերում և նպաստել խաղաղության հաստատմանը՝ աջակցելով և փոխլրացնելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը», - ասված է ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG