Մատչելի հղումներ

«Միայն մեկ թիվ է մնում ճշտել՝ Ռուսաստանից Չինաստան բնական գազի առաքման շուրջ գործարքի կնքման համար». «Գազպրոմ»


Սպասվում է, որ պայմանագիրը կնքվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից գալիք շաբաթ Չինաստան կայանալիք այցի ընթացքում

Ռուսաստանի պետական «Գազպրոմ» էներգետիկական ընկերության համաձայն, Չինաստանի հետ 30 տարով գազի առաքման պայմանագրի կնքման համար մնում է ճշտել «միայն մեկ թիվ»: Սպասվում է, որ պայմանագիրը կնքվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից գալիք շաբաթ Չինաստան կայանալիք այցի ընթացքում:

Ռուսաստանն արդեն տասը տարուց ավելի է, ինչ Չինաստանի հետ վարում է տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ առաքելու մասին բանակցությունները, սակայն այս գործարքի ստորագրումը բազմիցս հետաձգվել է՝ կողմերի միջև գնի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պատճառով Արևմուտքի հետ հարաբերություններում ստեղծված լարվածությունը սակայն ստիպում է Մոսկվային եվրոպական շուկաներից դուրս բերել նավթի և բնական գազի որոշ ծավալներ և ուղղել դրանք դեպի Ասիայի շուկաներ:

«Գազպրոմ»-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը հաստատել է, որ Չինաստանի հետ բնական գազի առաքման շուրջ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում, և գործարքի կնքման համար անհրաժեշտ է միայն համաձայնության հասնել բազային գնի շուրջ:

«Գազպրոմ»-ի գործադիր տնօրենը շեշտել է, որ Չինաստանի հետ համաձայնագիրը ստորագրվելու է փոխադարձ շահավետ պայմաններով՝ հավելելով, որ կողմերը, բացի այդ, համաձայնվել են, որ այս գործարքը ստորագրելուց հետո նրանք կմեկնարկեն Ռուսաստանից դեպի Չինաստան բնական գազի երկրորդ ուղին քննարկելու շուրջ բանակցությունները:
XS
SM
MD
LG