Մատչելի հղումներ

Գեյթս. «Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների անցկացումը հնարավոր է»


Գեյթս. «Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների անցկացումը հնարավոր է»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի համաձայն, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ վեցկողմ բանակցությունները հնարավոր կլինի վերսկսել, երբ այս պետությունը դադարեցնի սադրանքները և կատարի նախկինում իր վրա վերցրած պարտավորությունները։

Այս հայտարարությամբ Գեյթսը հանդես է եկել ուրբաթ օրը Սեուլում, ուր նա ժամանել է՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Քիմ Քվան–ջինի հետ Կորեական թերակղզում ներկայիս իրավիճակի շուրջ բանակցություններ անցկացնելու համար։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտնել է, որ դիվանագիտական շփումները Փխենյանի վարչակարգի հետ հնարավոր կլինեն, եթե վարչակարգի գործողությունները թույլ տան ենթադրել, որ ապագայում բանակցությունները կանցկացվեն «բարեխղճորեն և արդյունավետ»։

Գեյթսը, որն իր այցի ընթացքում հանդիպում է անցկացրել նաև Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ–բաքի հետ, նշել է, թե որպես Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական շփումների վերականգնման սկիզբ, կարող են անցկացվել ուղիղ բանակցություններ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև։

Երկու Կորեաների, Ճապոնիայի, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների մասնակցությանբ Փխենյանի միջուկային ծրագրի վերաբերյալ Չինաստանում անցկացվող բանակցությունները դադարեցվել են 2008 թվականի վերջին։

XS
SM
MD
LG