Մատչելի հղումներ

«Գելափ». Հայաստանում մեծամասնությունը ԽՍՀՄ-ի փլուզումը բացասական է գնահատում


Միայն Ադրբեջանում, Ղազախստանում և Թուրքմենստանում բնակիչների մեծամասնությունը դրական են գնահատել գրեթե 22 տարի առաջ Խորհրդային Միության տեղի ունեցած փլուզումը

«Անդրադառնալով Խորհրդային Միության փլուզմանը, որի 22-րդ տարին լրանալու է գալիք շաբաթ, Խորհրդային Միության նախկին 11 պետություններից յոթի բնակիչները հավատացած են, որ փլուզումն ավելի շատ վնաս է հասցրել իրենց պետություններին, քան օգուտ բերել»:

Այս մասին ասված է «Գելափ» հետազոտական կազմակերպության կողմից իրականացված հարցման նախաբանի մեջ, որի համաձայն Հայաստանի բնակչության մեծամասնության՝ 66 տոկոսը, բացասական է գնահատել այն, թե ինչպես է Խորհրդային Միության փլուզումն անդրադարձել երկրի վրա:

Հայաստանում հարցման մասնակիցների ընդամենը 12 տոկոսն է Հայաստանի համար դրական գնահատել Խորհրդային Միության փլուզումը, ինչն ամենացածր մակարդակն է հետազոտության անցկացման մեջ ներգրավված երկրներում:

«Գելափ»-ի հարցման արդյունքների համաձայն, նախկին Խորհրդային Միության 11 երկրների բնակիչների մեծամասնությունը՝ 51 տոկոսը, բացասական է գնահատում ԽՍՀՄ-ի փլուզման ազդեցությունն իրենց պետությունների վրա, մինչդեռ այդ իրադարձությանը դրական գնահատական են տվել հարցման մասնակիցների 24 տոկոսը:

Հետազոտական կազմակերպության համաձայն, նախկին Խորհրդային Միության պետություններից միայն Ադրբեջանում, Ղազախստանում և Թուրքմենստանում բնակիչների մեծամասնությունը դրական են գնահատել գրեթե 22 տարի առաջ Խորհրդային Միության տեղի ունեցած փլուզումը:

Հարցման արդյունքները, ըստ «Գելափ»-ի, հիմնված են 2013 թվականի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուկրաինայում 15 տարեկան և ավելի բարձր տարիքի առնվազն 1000 անձանց հետ անցկացված հարցումների հիման վրա:
XS
SM
MD
LG