Մատչելի հղումներ

«Գելափ». «Ամերիկացիների կեսը Ռուսաստանը ոչ բարեկամական երկիր է համարում»


Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը հատկապես արագ անկում է գրանցել այս տարվա հունիսից, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Էդվարդ Սնոուդենի և համասեռականների վերաբերյալ նոր օրենքի ընդունման հարցերի շուրջ

Վերջին 15 տարվա ընթացքում ամերիկացիների մեծ մասն առաջին անգամ ճանաչել են Ռուսաստանը որպես թշնամաբար տրամադրված կամ ոչ բարեկամ պետություն:

Այս մասին վկայում են «Գելափ» ընկերության կողմից հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք նաև վկայում են այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ ամերիկացիների վերաբերմունքի մեջ զգալի փոփոխությունները տեղի են ունեցել հիմնականում վերջին երեք ամսվա ընթացքում:

Բացի այդ, Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2000 թվականին իշխանության գալու ժամանակից առաջին անգամ հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների մեծ մասը բացասական է վերաբերվում նրան:

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 15-ից 16-ը՝ այս բանից հետո, երբ Ռուսաստանն ու Պուտինը օժանդակել են Սիրիայում առկա քիմիական զենքի ոչնչացման մասին համաձայնության հասցնելու հարցում՝ այդ կերպ կանխարգելելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները:

Ամերիկացիները 1999 թվականից հիմնականից որպես դաշնակից կամ բարեկամ պետություն էին համարում Ռուսաստանը: Դեռևս այս տարվա հունիսին ԱՄՆ-ի բնակիչների 52 տոկոսը դրական էր տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, սակայն երեք ամիս անց այս ցուցանիշը նվազել է՝ հասնելով 44 տոկոս մակարդակի, ընդ որում 50 տոկոսը սկսել է բացասական վերաբերվել այս երկրին:

Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը հատկապես արագ անկում է գրանցել այս տարվա հունիսից, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Էդվարդ Սնոուդենի և համասեռականների իրավունքները սահմանափակելու վերաբերյալ նոր օրենք ընդունելուց հետո:

Ռուսաստանի դրական ընկալման ցուցիչը Միացյալ Նահանգներում 73 տոկոս կազմող առավելագույն ցուցանիշի էր հասել 2006 թվականին՝ նախագահ Պուտինի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում:

Ամերիկացիներն այժմ պակաս բարյացակամ են սկսել վերաբերվել նաև Ռուսաստանի նախագահի նկատմամբ: Հարցման մասնակիցների ընդամենը 19 տոկոսն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին դրականորեն ընկալելու մասին, մինչդեռ 54 տոկոսը բացասական է վերաբերվում Պուտինին:

Նույն հարցումը ցույց է տվել, որ Ռուսատանի կողմից Սնոուդենին ապաստան տրամադրելու որոշման մասին տեղեկացված ամերիկացիների 64 տոկոսը չի սատարում Մոսկվայի գործողությունները: Ռուսատանի կողմից կայացված որոշմանը դրական է արձագանքել հարցման մասնակիցների ընդամենը 25 տոկոսը:

Ռուսաստանում համասեռականների իրավունքների և «համասեռական քարոզչության արգելման մասին» տեղյակ ԱՄՆ-ի բնակիչների 69 տոկոսը դեմ է Ռուսաստանի իշխանությունների նման քաղաքականության, մինչդեռ 13 տոկոսը սատարում է այն:
XS
SM
MD
LG