Մատչելի հղումներ

Վրաստանը դատապարտում է ռուս-վրացական պատերազմի շուրջ Պուտինի մեկնաբանությունները


Վրաստանի կառավարությունը քննադատել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին վերջինիս այն հայտարարության համար, թե Ռուսաստանը չէր սկսել 2ՕՕ8 թվականին պատերազմը։

Վրաստանի փոխարտգործնախարար Գիգա Բոկերիայի խոսքերով, Պուտինի մեկնաբանությունը ՝՝Վրաստանի մեծ հարեւանի քաղաքական ամբողջ դրվածքի քաղաքական ցինիզմին համահունչ հայտարարություն է՛՛։ Բոկերիայի խոսքերով, այն ՝՝պատասխանատվությունից խույս տալու էժանագին փորձ է՛՛։

Բոկերիան Ռուսաստանի վարչապետին քննադատել է նաեւ Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ առկա տարաձայնությունները առանց երրորդ կողմի միջամտության քննարկելու կոչի համար։

Փոխարտգործնախարարն ասել է, թե Թբիլիսին պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ միայն այն պայմանով, եթե Ռուսաստանն ընդունի այն փաստը, որ Վրաստանն ինքնիշխան երկիր է եւ ինքն է որոշում իր ճակատագիրը։

Պուտինը ռուս-վրացական պատերազմի մասին հայտարարությամբ հանդես էր եկել նախորդ օրը, երբ Վրաստան այցելելով, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը դատապարտել էր ՝՝Հարավային Օսիան եւ Աբխազիան Ռուսաստանի կողմից բռնակցվելու փաստը՛՛։

Նա նաեւ հերքել էր Ռուսաստանի այն պնդումները, որոնց համաձայն, այս երկու տարածքներում Մոսկվան ունի ՝՝հատուկ հետաքրքրություններ՛՛։

XS
SM
MD
LG