Մատչելի հղումներ

«Սիրիայի բարեկամները» խստացնելու են Ասադի վարչակարգի դեմ ուղղված պատժամիջոցները


ԱՄՆ-ի արտգործնախարարության մամուլի ծառայությունը տարածել է արտգործնախարար Հիլարի Քլինթընի հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում է, որ «Սիրիայի բարեկամները» նախատեսում են խստացնել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ ուղղված պատժամիջոցները:

«Վերջին իրադարձությունները, ներառյալ Հուլայում իրականացված սպանությունները, բացահայտել են Սիրիայի ժողովրդի դեմ ուղղված պատերազմ վարելու Ասադի վարչակարգի վճռականությունը: Միջազգային համայնքը չի կարող լինել և չի մնալու անտարբեր. «Սիրիայի բարեկամներն» ավելացնում են վարչակարգի դեմ ուղղված ճնշումն ու խորացնում դրա մեկուսացումը», - նշված է հայտարարությունում:

Ըստ Քլինթընի, ձեռնարկված պատժամիջոցներն ազդեցություն են ունենում: «Գործարար ձեռնարկություններն ու այլ կազմակերպությունները խզում են կապերը վարչակարգի հետ, մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվություն կրող բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները սառեցվել են, նրանց նկատմամբ ճանապարհորդական արգելք է կիրառվում, վարչակարգի կողմից սպառազինություն և այլ պաշարներ ստանալու հնարավորությունը խաթարվում է»:

«Այս պատժամիջոցները հստակ ուղղված են վարչակարգի անդամների և դրա ռազմական մեքենայի դեմ: Պատժամիջոցներն ուղղված չեն Սիրիայի ժողովրդի դեմ և չեն կիրառվում կարևոր ապրանքների առաքման նկատմամբ: Վարչակարգն է, որ առաջացնում է Սիրիայի ժողովրդի տառապանքները՝ տնտեսական դժվարությունների պատճառով, զրկում ժողովրդին վառելիքից, ձեթից և անհրաժեշտ այլ ապրանքներից», - ասված է հայտարարությունում:

«Մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել, սակայն դեռևս մեծ աշխատանք պետք է կատարվի: Պետք է շարունակենք վարչակարգը սնող ուղիների խարխլումը, ընդլայնենք պատժամիջոցներն ակտիվորեն իրականացնող երկրների շրջանակը և ապահովենք, որ Սիրիայի կառավարությունը չկարողանա խուսափել դրանցից: Ողջունում ենք այլ պետությունների կարծիքը՝ ազդեցություն ունենալու ներուժ ունեցող լրացուցիչ միջոցների ընդունման շուրջ: Վարչակարգը պետք է դադարեցնի բռնությունների իրականացումը, կատարի Անանի ծրագրով հանձն առած բոլոր պարտականությունները և թույլ տա, որպեսզի սկսվի անցումը դեպի ժողովրդավարական Սիրիա», - եզրափակել է արտգործնախարար Քլինթընը:

XS
SM
MD
LG