Մատչելի հղումներ

«Սիրիայի բարեկամները» պահանջել են խստացնել Ասադի դեմ ուղղված պատժամիջոցները


Քլինթըն. «Ասադի վարչակարգը խախտել է միջազգային օրենքի և մարդկային արժանապատվության բոլոր օրենքները»

Ավելի քան 100 պետությունների ներկայացուցիչներից կազմված խումբը պահանջել է դադարեցնել Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարումը և ընդունել «ավելի խիստ և լայնածավալ» պատժամիջոցներ Սիրիայի կառավարության դեմ:

Փարիզում հավաքված դիվանագետները հանդես են եկել նաև Սիրիայում հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ ուղղված բռնությունների դադարեցման նոր կոչերով:

«Սիրիայի բարեկամներ» անվանվող խումբը խոստացել է «զանգվածային կարգով» ավելացնել Սիրիայի ապստամբներին տրամադրվող օգնությունը և հեռահաղորդակցման սարքավորումներ տրամադրել վերջիններիս:

Հանդիպմանը մասնակցող ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը հորդորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նկատմամբ:
Ելույթ ունենալու Փարիզում՝ Քլինթընն ասել է, որ Ասադի վարչակարգը «խախտել է միջազգային օրենքի և մարդկային արժանապատվության բոլոր օրենքները»:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն իր հերթին շեշտել է, որ Սիրիայի բանակի բրիգադային գեներալ Մանաֆ Թլասի դասալքությունը վկայում է այն մասին, որ երկրում Ասադի իշխանությունն անկայուն է դարձել:

Ընդդիմադիր ակտիվիստները Սիրիայում հայտնել են, որ երկրում ուրբաթ օրը տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 29 մարդ: Երկրի մի քանի շրջանում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր: Չնայած տեղից ստացվող հաղորդագրությունների, որոնք վկայում են Սիրիայի կառավարական ուժերի կողմից իրականացվող բռնությունների մասին՝ պաշտոնական Դամասկոսը շարունակում է պնդել, որ զոհերի պատճառն են դարձել «ահաբեկիչների և զինյալների» կողմից իրականացվող հարձակումները:
XS
SM
MD
LG