Մատչելի հղումներ

Ցառնաևի ընկերներն իրենց մեղավոր չեն ճանաչել


Ցառնաևի համալսարանական երկու ընկերներն իրենց մեղավոր չեն ճանաչել արդարադատությանը խոչընդոտելու և ապացույցները հեռացնելու մեջ իրենց ներկայացված մեղադրանքներով

Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյուններ իրականացնելու մեջ մեղադրվող Ջոխար Ցառնաևի համալսարանական երկու ընկերները երեքշաբթի օրն իրենց մեղավոր չեն ճանաչել արդարադատությանը խոչընդոտելու և հարձակումից երեք օր անց Ցառնաևի հանրակացարանի սենյակից ապացույցները հեռացնելու մեջ իրենց ներկայացված մեղադրանքներով:

ԱՄՆ-ի դաշնային դատարանում Դիաս Քադիրբաևին ու Ազամաթ Թաժայակովին մեղադրանքներ են ներկայացվել այն մասին, որ նրանք Մասաչուսեթսի Դարթմուտի համալսարանի հանրակացարանում Ջոխար Ցառնաևի սենյակից դուրս էին բերել պայթուցիկ նյութեր պարունակող մի ուսապարկ և համակարգիչ այն ընթացքում, երբ ԱՄՆ-ի ՀԴԲ-ի գործակալներն իրականացնում էին Ցառնաև եղբայրներից կրտսերի որոնողական աշխատանքները:

19-ամյա Դիաս Քադիրբաևին ու Ազամաթ Թաժայակովին, մեղավոր ճանաչելու դեպքում, սպառնում է 25 տարվա ազատազրկում կամ վտարում Միացյալ Նահանգներից:

Քադիրբաևի դատապաշտպանի համաձայն, իր պաշտպանյալն ամենասկզբից համագործակցել է հետաքննություն իրականացնող մարմինների հետ՝ փոխանցելով նրանց Ցառնաևի համակարգիչը և հայտնելով ԱՄՆ-ի ՀԴԲ-ին այն մասին, թե որտեղ է հնարավոր գտնել ուսապարկը:

«Դիասը նախկինում ԽՍՀՄ-ի մաս կազմող այն տարածաշրջանից է, որտեղ ոստիկանության նկատմամբ թերահավատությունը սովորական երևույթ է», - ասել է Քադիրբաևի փաստաբան Ռոբերտ Ստալը՝ հավելելով. «Այնուամենայնիվ, երբ իշխանությունները դիմել էին նրան, նա լիովին համագործակցել էր և երկու օրվա ընթացքում գրեթե 12 ժամ պատասխանել ՀԴԲ-ի հարցերին՝ առանց փաստաբանի կամ Ղազախստանի հյուպատոսության ներկայացուցչի ներկայության»:

Փաստաբանը հույս է հայտնել, որ Քադիրբաևից կհանվեն մեղադրանքները և նա կկարողանա վերադառնալ Ղազախստան:

Քադիրբաևն ու Թաժայակովը դաշնային բանտում էին գտնվում այս տարվա մայիսի 1-ից, երբ նրանց ներկայացվել էին դավադրության մեղադրանքներ: Արդարադատությանը խոչընդոտելու մասին մեղադրանքները նրանց ներկայացվել էին ավելի ուշ, այս տարվա օգտոստոսի 8-ին: Բոստոնում իրականացված ռմբակոծության մեջ ներգրավված լինելու մեղադրանքներ նրանց սակայն չեն ներկայացվել:

Ցառնաևի երրորդ ընկերը, Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքից Ռոբերտ Ֆիլիպոսը, բանակցություններ է վարում դատախազության հետ՝ նպատակ հետապնդելով կարգավորելու ահաբեկչության հետաքննության ընթացքում կեղծ հայտարարություններ անելու մասին իրեն ներկայացված մեղադրանքները:
XS
SM
MD
LG