Մատչելի հղումներ

Զոհեր Եգիպտոսում՝ նոր բախումների հետևանքով


Կահիրեում երեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, վնասվածքներ է ստացել բախումների 33 մասնակից

Եգիպտոսում երեքշաբթի օրը տեղի են ունեցել նոր բախումներ՝ չնայած երկրի ժամանակավոր նախագահի հանգստություն պահպանելու և բռնություններից հրաժարվելու կոչերին:

Երկրի առողջապահության ոլորտի պաշտոնյաների համաձայն, տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների կողմից Կահիրեի համալսարանի մոտակայքում նստացույցի իրականացման վայրի մոտ երեքշաբթի տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, վնասվածքներ է ստացել բախումների 33 մասնակից:

Մորսիի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև նախօրեին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել էր չորս մարդ:

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը երկուշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել պետական հեռուստատեսությամբ Եգիպտոսի ժողովրդին ուղղված ուղերձով, որտեղ նշել է, որ երկրում առաջխաղացում գրանցելու համար անհրաժեշտ է հասնել հաշտեցման:

Այս ընթացքում «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է Եգիպտոսի ժամանակավոր իշխանություններին որպես առաջնային նպատակ ընդունել կրոնական հողի վրա բռնությունները վերջ տալը՝ շեշտելով, որ Մորսիի վտարումից անցած ժամանակահատվածում ավելացել են քրիստոնյաների դեմ ուղղված հարձակումները:

«Human Rights Watch»-ը երեքշաբթի օրը նշել է, որ երկր իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն քրիստոնյաների վրա կատարված հարձակումների դեպքերը, իսկ կրոնական և քաղաքական առաջնորդներին անհրաժեշտ է դատապարտել կրոնական հողի վրա կատարվող հարձակումների թվի վտանգավոր աճը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի ընտանիքը նախօրեին հանդես էր եկել Եգիպտոզի զինված ուժերի դեմ և սպառնացել էր դատական գործ հարուցել՝ երկրի նախկին առաջնորդին ազատ արձակելու նպատակով:

Մոհամեդ Մորսիի ընտանիքը լրագրողների հետ Կահիրեում անցկացված հանդիպման ընթացքում մեղադրել էր Եգիպտոսի զինված ուժերին տապալված նախագահի առևանգման մեջ:

Նախկին նախագահի որդի Օսամա Մորսիի համաձայն, իր հայրն ընտանիք չի վերադարձել այս տարվա հուլիսի 3-ից՝ զինված ուժերի կողմից ժողովրդավարական եղանակով ընտրված Մորսիի կառավարության տապալման օրվանից:

«Այն, ինչ տեղի է ունեցել, մարդու առևանգման հանցագործություն է, ինչպես նաև ժողովրդի կամքի և մի ամբողջ երկրի առևանգման վար օրինակ», - ասել էր Մորսիի որդին:
XS
SM
MD
LG