«Freedom House»-ի զեկույցի կապակցությամբ ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ռոբերտ Ավետիսյանը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հեռախոսային հարցազրույցում հայտնեց, որ ներկայացուցչությունը «Freedom House»-ի զեկույցի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել այս կազմակերպությանը:
Լսեք հարցազրույցն այստեղ
Ռոբերտ Ավետիսյանը շեշտում է, որ 2010 թվականին Արցախում անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաև ընդդիմության ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը տեղ են զբաղեցրել Արցախի ներկայիս խորհրդարանի կազմում:
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության ուժերի ներկայացուցիչների ընդգրկված չլինելու վերաբերյալ պարզաբանումները «Freedom House»-ի զեկույցում տեղ են գտել թյուրիմացության պատճառով, և ներկայացուցչությունն այս մասին մանրամասն տեղեկություններով դիմում է ներկայացրել «Freedom House»-ին:
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը հույս ունի, որ «Freedom House»-ը կընդունի ներկայացված պարզաբանումները, պրն. Ավետիսյանը վստահություն հայտնեց, որ «Freedom House»-ը կանի առավելագույնը, որպեսզի ճշմարտությունը հաստատվի։
«Freedom House» կազմակերպության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «Ազատությունն աշխարհում 2011» զեկույցը, անդրադառնալով Արցախին, գրել էր, թե այստեղ 2Օ1Օ թվականի ընթացքում ազատությունների իրավիճակը վատթարացել է։ Լեռնային Ղարաբաղը, որը նախորդ տարի գնահատվել էր որպես «մասամբ ազատ» երկիր, այս տարվա զեկույցում որակվել է որպես «ոչ ազատ»:
Հայաստանի գնահատականը մնացել է անփոփոխ: Անցյալ տարվա նման, այն գնահատվել է որպես «մասամբ ազատ» երկիր:
Ըստ «Freedom House»-ի, հարավկովկասյան պետություններից միայն Վրաստանն է գրանցել դրական տեղաշարժ: Չնայած Վրաստանը, անցյալ տարվա նման, գնահատվել է որպես «մասամբ ազատ» երկիր և «Քաղաքական իրավունքներ» ցուցանիշը մնացել է նույնը` «4» մակարդակի վրա, երկրում բարելավվել է «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշը` անցյալ տարվա «4»-ից այս տարվա զեկույցում բարձրանալով «3»-ի։
Ադրբեջանը, անցյալ տարվա նման, գնահատվել է որպես «ոչ ազատ» երկիր։