Մատչելի հղումներ

«Freedom House»-ը հրապարակել է «Պետություններ անցումային շրջանում» զեկույցը


Հայաստանը, ըստ զեկույցի, «կիսաավտորիտար կառավարում ունեցող» պետություն է

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Պետություններ անցումային շրջանում» զեկույցը, որտեղ ներկայացվում է անցյալ տարվա ընթացքում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի և Եվրասիայի պետությունների ժողովրդավարության ոլորտներում տեղի ունեցած զարգացումները:

Զեկույցի հրապարակումն ուղեկցող մամուլի հաղորդագրությունում իրավապաշտպան կազմակերպությունը մասնավորապես շեշտել է, որ ավտորիտար կառավարման խորացումն իրականացվել է կոռուպցիայի, մամուլի գրաքննության, քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշման և, որոշ դեպքերում՝ քաղաքական ընդդիմության դեմ ուղղված բռնությունների խորացման գնով:

«Freedom House»-ի զեկույցի նախաբանում մեջ է բերվում կազմակերպության նախագահ Դեյվիդ Քրամերի խոսքը, որի համաձայն Ռուսաստանում այժմ իրականացվող ճնշումներն վատթարագույնն են Խորհրդային Միության անկման ժամանակից:

«Դրանք ոչ միայն կործանիչ ազդեցություն ունեն ռուսաստանցիների հիմնարար ազատությունների և երկրում ժողովրդավարության հաստատման հեռանկարների վրա, այլ նաև, հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, քաջալերում են այլ բռնապետներին ավելացնել ճնշումն իրենց քաղաքացիների նկատմամբ»:

Զեկույցի նախաբանում նշված է, որ Ռուսաստանի հարևան մի քանի պետություններում ավելացել է քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ գործադրվող ճնշումը:

«Եվրասիայի տարածաշրջանի 12 պետություններից հինգում, ներառյալ Ադրբեջանը, Տաջիկստանն ու Բելառուսը, որոնք իրավական և արտաիրավական միջոցներով ավելացրել են որպես իրենց թշնամի ակնկալվողների նկատմամբ գործադրվող ճնշումները, նկատվել է «Պետություններ անցումային շրջանում» ցուցանիշի գնահատականների անկում», - նշված է հրապարակման մեջ:

Որպես նշանակալի միտում զեկույցում նշված է, որ Վրաստանն ու Հայաստանը ջանքեր են գործադրել՝ անցկացնելու համար առավել մրցակցային և արդար ընտրություններ, ինչը հնարավոր է դարձել նախընտրական շրջանում ռեսուրսների և ԶԼՄ-ներում լուսաբանման նկատմամբ հավասար հնարավորությունների վրա շեշտ դնող ընտրական նոր օրենքների ընդունման շնորհիվ:

«Չնայած վարչական ռեսուրսների և ընտրությունների օրվա ընթացքում գրանցվել են չարաշահումներ, սակայն մրցակցությունը բարելավվել էր և երկու պետություններում քվեարկության արդյունքում ձևավորվել են առավել ներկայացուցչական օրենսդիր մարմիններ», - ասված է զեկույցում, որտեղ որպես հակադիր ներկայացնում են Ուկրաինայի և Ռուսաստանի օրինակները: Առաջինում, ըստ կազմակերպության, շարունակվել են բացասական միտումները և խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցվել են լայնամասշտաբ քաղաքական հետապնդումներ, ընտրարշավի ոչ թափանցիկ ինանսավորում, իրավական մեքենայություններ և այլ խախտումները:
«Ռուսաստանում բազմաթիվ խախտումներով անցկացված նախագահական ընտրություններից հետո իշխանության գլուխ վերադարձել է Վլադիմիր Պուտինը, որը երկրի նախագահի պաշտոնում կմնա մինչև 2018 թվականը», - գրում է «Freedom House»-ը:

«Պետություններ անցումային շրջանում» զեկույցում ներկայացվել է պետություններում ժողովրդավարության զարգացման առանձին յոթ ցուցանիշ, որոնք են «Ընտրական գործընթացը», «Քաղաքացիական հասարակության վիճակը», «Մամուլի ազատությունը», «Ժողովրդավարական կառավարումը պետական մակարդակով», «Պետական կառավարման ժողովրդավարությունը», «Տեղական կառավարման ժողովրդավարությունը», «Դատական համակարգի անկախությունը» և «Կաշառակերությունը»:

Այս յոթ ցուցանիշներից 2013 թվականի զեկույցում, համեմատած 2012-ին գրանցված տվյալների, Հայաստանում առաջխաղացում է գրանցել միայն «Մամուլի ազատությունը» ցուցանիշը՝ 2012 թվականի 6.00-ից 2012 թվականին նվազելով մինչև 5.75:

Ըստ զեկույցի, այս առաջխաղացմանը նպաստել են մի շարք գործոններ, մասնավորապես՝ Հայաստանում Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում, ըստ համապատասխան զեկույցներում ներկայացված տվյալների, բոլոր կուսակցությունների կողմից ԶԼՄ-ներում լուսաբանման հավասար հնարավորությունները, զրպարտության մասին հայցերի թվի նվազումը, լրատվության առցանց միջոցների բազմազանության ավելացումն ու ազատ գործելու հնարավորությունը:

«Շնորհիվ լրագրողների հետևողականության, իշխանություններն առավել պատասխանատու են վերաբերվել տեղեկատվության ազատության ապահովման պահանջներին», - նշված է զեկույցի «Մամուլի ազատությունը» մասում:

Ընդհանուր առմամբ, «Ժողովրդավարության գնահատականը» Հայաստանում, համեմատած 2012 թվականին հրապարակված զեկույցի հետ, գրանցել է աննշան առաջընթաց՝ 2012 թվականի զեկույցում նշված 5.39 -ից 2013 թվականին հրապարակված զեկույցում գրանցելով 5.36 ցուցանիշը, իսկ Հայաստանը դասվել է «կիսաավտորիտար կառավարում ունեցող» պետությունների շարքում:

Հարևան Ադրբեջանի «Ժողովրդավարության գնահատականը» նախորդ տարվա համեմատ նվազել է՝ նախորդ զեկույցում նշված 6.57 ցուցանիշից հասցնելով 6.64 ցուցանիշի:

«Freedom House»-ի զեկույցի համաձայն, Վրաստանի «Ժողովրդավարության գնահատականը» մեկ տարվա ընթացքում բարելավվել է՝ այս տարվա զեկույցում գրանցելով 4.75 ցուցանիշ:
XS
SM
MD
LG