Մատչելի հղումներ

«Freedom House». «Ակտիվիստները պայքարում են աշխարհում ինտերնետի ազատության վատթարացման դեմ»


«Ազատությունն ինտերնետում 2013» զեկույցի համաձայն, Հայաստանը եզրափակում է ազատ ինտերնետ ունեցող երկրների խումբը

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն ինտերնետում 2013» զեկույցը, որտեղ գնահատական է տրվում աշխարհի 60 երկրներում ինտերնետի ու սոցիալական մեդիայի 2012 թվականի ընթացքում գործելու ազատությանն ու դրանց գործելու համար ստեղծվող սահմանափակումներին:

«Ազատությունն ինտերնետում 2013» զեկույցի համաձայն, 2012 թվականին աշխարհում ինտերնետի ազատության հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ վատթարացել է՝ կառավարությունների կողմից իրականացվող հետախուզական աշխատանքների ընդլայնման, համացանցում բովանդակության վերահսկողությանն ուղղված նոր օրենքների ընդունման և սոցիալական մեդիայի օգտատերերի ձերբակալությունների դեպքերի աճի պատճառով:

Զեկույցն այնուամենայնիվ փաստում է, որ աշխարհում ակտիվիստներն առավել արդյունավետ միջոցներ են ձեռնարկում՝ ինտերնետի ազատության դեմ վտանգների մասին իրազեկության բարձրացման հարցում, գրանցվել է նաև մի քանի դեպք, երբ նման գործունեությունը նպաստել է ճնշող նոր միջոցների կանխման:

«Ազատությունն ինտերնետում 2013» զեկույցում գնահատական է տրվել 60 երկրներում ինտերնետի ազատության հետ կապված հիմնական միտումներին: Զեկույցում յուրաքանչյուր երկրին գնահատական է տրվել՝ հիմք ընդունելով ինտերնետի հասանելիության խոչընդոտները, բովանդակության սահմանափակումները և օգտատերերի իրավունքների խախտումները, որոնք գնահատվել են 0-100 միավորների սանդղակով. 0 միավորը ներկայացրել է ամենալավ վիճակը, իսկ 100-ը՝ ամենավատը:

Զեկույցում ներկայացված գնահատականների համաձայն, անցյալ տարվա ընթացքում 60 երկրներից 35-ն ընդլայնել է համացանցում իրականացվող հետախուզական գործողությունների տեխնիկական կարողությունները կամ նման գործողություններ իրականացնելու իրավական հիմքերը: Նման մոնիթորինգը, ըստ զեկույցի, ավելի մեծ վտանգ է ներկայացնում այն պետություններում, որտեղ այն կարող է օգտագործվել՝ քաղաքական այլախոհության և քաղաքացիական ակտիվիստների դեմ ճնշումներ իրականացնելու նպատակով:

«Freedom House»-ի համաձայն, զեկույցում ուսումնասիրված երկրների կառավարություններից շատերը, մտավախություն ունենալով սոցիալական մեդիայի միջոցով բողոքի համազգային շարժում մեկնարկելու հնարավորության վերաբերյալ, շտապել են ընդունել խոսքի առցանց ազատությունը սահմանափակող օրենքներ: Ըստ զեկույցի, 2012 թվականի մայիս ամսից գնահատված 60 երկրներից 24-ում ընդունվել են ինտերնետի ազատությունը վտանգող օրենքներ կամ կանոնակարգեր:

Ընդհանուր առմամբ, զեկույցում ուսումնասիրված 60 պետություններից 34-ում գրանցվել է ինտերնետի ազատության վատթարացում. ժողովրդավարական երեք պետություններում՝ Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում և Հնդկաստանում, գրանցվել է ինտերնետի ազատության մակարդակի մտահոգություն առաջացնող անկում:

Մինչև 30 միավոր ստացած երկրները «Ազատությունն ինտերնետում 2013» զեկույցում համարվել են ազատ ինտերնետ ունեցող: Ըստ զեկույցի, 60 երկրներից նման ցուցանիշ է գրանցվել 17-ում: Ազատ ինտերնետ ունեցող երկրների տասնյակում են Իսլանդիան, Էստոնիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Հունգարիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան:

Վրաստանը, որտեղ ինտերնետի ազատությունը կազմում է 26 միավոր, ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ Հայաստանը 29 միավորով եզրափակում է ազատ ինտերնետ ունեցող երկրների խումբը: Հատկանշական է, որ Հայաստանը միակ երկիրն է այդ խմբում, որին «Freedom House»-ը դասել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:

Ադրբեջանում ինտերնետը, ըստ զեկույցի, մասամբ է ազատ. ինտերնետի ազատությունն այս երկրում գանգատվել է 52 միավոր մակարդակի վրա: Այս երկրի կողքին 54 միավորով Ռուսաստանն է, որտեղ ինտերնետի օգտատերերը լուրջ սահմանափակումների են հանդիպում:

«Ազատությունն ինտերնետում 2013» զեկույցի համաձայն , Հայաստանում ինտերնետը բավական հասանելի է և մատչելի: Զեկույցում նշված է, որ Հայաստանում առցանց մեդիան գրաքննության չի ենթարկվում՝ չնայած դրա մի մասի բովանդակության վրա ազդեցություն են գործում կայքերին ֆինանսավորում տրամադրողների քաղաքական հայացքները:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում կայքեր գրանցելը բավական հեշտ է, ինտերնետ սրճարաններում օգտատերերին չեն պարտադրում հայտնել իրենց անձնական տեղեկությունները, առցանց նամակագրությունը կարող է բացահայտվել միայն դատարանի վճռով:

«Ազատությունն ինտերնետում 2013» զեկույցում ասված է, որ Հայաստանում 2012 թվականին ինտերնետի ազատությանը խոչընդոտ է ներկայացվել միայն «Կառավարության քննադատների և իրավապաշտպան կազմակերպությունների դեմ ուղղված տեխնիկական հարձակումներ» չափանիշի խախտման միջոցով, երբ անցյալ տարի երկրում խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում ցանցահենային հարձակումներ էին իրականացվել մի շարք կայքերի ուղղությամբ, մասնավորապես՝ «iditord.am» կայքի, որը թույլ էր տալիս առցանց ռեժիմով արձանագրել ընտրախախտումները:
XS
SM
MD
LG