Մատչելի հղումներ

«Freedom House»-ը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում - 2013» ամենամյա զեկույցը


«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում - 2013» ամենամյա զեկույցը:

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվել է, որ մամուլի ազատության ցուցանիշի համաձայն, աշխարհի 197 երկրներից 63-ը որակվել է «ազատ», 70-ը` «մասամբ ազատ» և 64-ը` «ոչ ազատ»:

Զեկույցի համաձայն, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում և Եվրասիայում ընդհանուր առմամբ չափավոր հետընթաց է արձանագրվել, սակայն Ադրբեջանում և Ղազախստանում գրանցված ազատության վատթարացման հետ բարելավում է գրանցվել Հայաստանում և Վրաստանում:

Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան, ըստ զեկույցի, աշխարհում մամուլի ազատության ցուցանիշների ամենացածր մակարդակն ունեցող տարածաշրջանն է, որտեղ հետընթաց է գրանցվել տարածաշրջանի գրեթե բոլոր պետություններում՝ բացառությամբ Եմենի: Ոչ ազատ մամուլ ունեցող պետությունների շարքին կրկին անցել է Եգիպտոսը, Իսրայելում տեղի ունեցած զարգացումների հետևանքով երկիրը դասվել է ոչ ազատ մամուլ ունեցող պետությունների շարքին:

«Freedom House»-ի զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանում գրանցվել է առաջընթաց, որը սակայն դեռևս թույլ չի տրվել, որ երկիրը լքի ոչ ազատ մամուլ ունեցող պետությունների շարքը: Նախորդ զեկույցի համեմատությամբ, Հայաստանում մամուլի ազատության վարկանիշը բարձրացել է չորս միավորով, և նախորդ տարվա 65 միավորի փոխարեն այժմ կազմում է 61 միավոր։ Աշխարհի պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 135-րդ տեղը:

Կազմակերպության համաձայն, Հայաստանի գնահատականը բարձրացել է, քանի որ ԶԼՄ-ներն ապահովել են առավել հավասարակշռված լուսաբանում խորհրդարանական ընտրություններին, քան նման այլ շրջաններում, ընդդիմադիր կուսակցություններն ավելի լայն են կիրառել առցանց լրատվամիջոցները, բռնությունն ու ոտնձգությունները լրագրողների նկատմամբ նվազել են՝ համեմատած ընտրությունների նախորդ շրջանին, և երկրում զգալի նվազում են գրանցել զրպարտության վերաբերյալ բողոքները լրագրողների դեմ:

Կենտրոնական Եվրոպա և Եվրասիա տարածաշրջանում Հայաստանն այս տարի նույնպես զբաղեցնում է 21-րդ տեղը` 61 միավոր ցուցանիշով: Հայաստանին նախորդում են Ուկրաինան՝ 60, և Ղրղզստանը՝ 69 միավոր ցուցանիշներով:

Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանից ավելի լավ ցուցանիշներ է գրանցել միայն Վրաստանը, որը, 49 միավոր ցուցանիշով, դասվել է մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:

Ադրբեջանը գրանցել է 82 միավոր ցուցանիշը և համարվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկիր։ Նախորդ տարվա համեմատությամբ մեկ միավորով բարձրացել է Ռուսաստանի արդյունքը, սակայն այս երկրում մամուլը նույնպես ոչ ազատ է:
XS
SM
MD
LG