Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է Թուլուզում և երկրի մի քանի այլ քաղաքում ոստիկանության կողմից իրականացված լայնածավալ գործողությունների մասին, որոնց արդյունքում ձերբակալվել է ծայրահեղական 19 իսլամիստ:
Նախագահ Սարկոզիի համաձայն, ոստիկանության կողմից ուրբաթ օրն իրականացված գործողությունների արդյունքում բռնագրավվել է որոշ քանակությամբ զենք և զինամթերք:
Ֆրանսիայի ոստիկանությունն այս գործողությունների է դիմել ծայրահեղական իսլամիստ Մոհամեդ Մերահի կողմից Թուլուզ քաղաքում յոթ մարդու իրականացված սպանությունից մի քանի օր անց: Մերահի աճյունը հինգշաբթի օրը հուղարկավորվել է Թուլուզի արվարձաններից մեկում այն բանից հետո, երբ Ալժիրի իշխանությունները հրաժարվել են այդ երկրի տարածքում զինյալի հուղարկավորությանն իրենց համաձայնությունը տալուց:
Ֆրանսիայի իշխանությունների վկայությամբ, մահվանից առաջ Մերահը խոստովանել է երեք զինծառայողների, ինչպես նաև հրեական դպրոցի երեք սաների և նրանց ուսուցչի սպանությունը: Ոստիկանների համաձայն, նա հայտնել է նաև «ալ-Քայիդա»-ի հետ իր ունեցած կապերի և հարձակումները տեսագրելու մասին:
Երկրում իրականացված սպանություններն ուժեղացրել են մահմեդական ծայրահեղականների հնարավոր գործողությունների վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության ունեցած մտահոգությունները: Փարիզը հինգշաբթի օրն արգելել է մուտքի արտոնագրի տրամադրումը մահմեդական օտարերկրյա մի քանի հոգևորականի, որոնք նախատեսում էին մասնակցել ապրիլին երկրում կայանալիք մահմեդական համաժողովի: