Մատչելի հղումներ

Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը դատապարտել են բռնություններն Ուկրաինայում


Ֆրանսիան նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել «արագ և թիրախավորված պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում ճնշումների գործադրման մեջ մեղավորների նկատմամբ»

Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները դատապարտել են Ուկրաինայում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած բռնությունները:

Փարիզում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ չորեքշաբթի օրն անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում Ֆրանսիան նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել «արագ և թիրախավորված պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում ճնշումների գործադրման մեջ մեղավորների նկատմամբ»:

Գերմանիայի կանցլեր Մերքելն իր հերթին ասել է, որ Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում փետրվարի 20-ին կայանալիք հանդիպման ընթացքում քննարկման կդնեն այն հարցը, թե ինչպիսի պատժամիջոցներ է պետք կիրառելի Կիևի նկատմամբ:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Փարիզում այս ընթացքում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Ըստ արտգործնախարար Քերրիի, Ֆրանսիայի արտգործնախարարը հինգշաբթի օրը կմիանա Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարներին Կիևում, որտեղ նրանք կհավաքեն վերջին տեղեկությունները՝ Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ:

Արտգործնախարար Քերրին տեղեկացրել է, որ Եվրամիության իր գործընկերների հետ քննարկվել են պատժամիջոցների և այլ գործողությունների դիմելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայի կառավարութան և ընդդիմության միջև «փոխզիջման մթնոլորտի ստեղծմանը»:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնն ու Փարիզը համոզված են, որ Ուկրաինայում հնարավոր է խուսափել նոր բռնություններից և կյանքի կոչել Ուկրաինայի ժողովրդի ձգտումները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին «հեղաշրջման փորձ» է անվանել Ուկրաինայում տեղի ունեցած բախումները:

Կրեմլի մամուլի խոսնակը հերքել է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդատվություն է տրամադրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին այն մասին, թե ինչպես է պետք կարգավորել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Դմիտրի Պեսկովը, բացի այդ, կրկին նշել է, որ Մոսկվան չի միջամտի Ուկրաինայի ներքին գործերին:

Հայաստանի արտգործնախարարությունը չորեքշաբթի օրը նույնպես անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

Արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, պատասխանելով հայաստանյան «Արմենփրես» լրատվական գործակալության այն հարցին, թե որն է արտգործնախարարության արձագանքը Կիևում տեղի ունեցած բռնություններին, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ արտգործնախարարությունը խորը ցավում է Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:

«Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը
բանակցություններ կվերսկսեն՝ վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու
համար», - նշել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:
XS
SM
MD
LG