Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարների միջեւ Ֆրանսիայում երկուշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման նպատակն էր գտնել ընդհանուր դիրքորոշում այն հրթիռային համակարգի վերաբերյալ, որը ՆԱՏՕ–ն ցանկանում է ծավալել Եվրոպայում։
Նորմանդիայի Դովիլ քաղաքում անցկացվող գագաթաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպումը հնարավորություն է ընձեռելու բարելավել ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի հարաբերությունները, որոնց միջև առկա են տարաձայնություններ «հրթիռային վահանի» ծավալի և ուղղվածության վերաբերյալ։
ՆԱՏՕ–ն ցանկանում է, որ Մոսկվան համակարգում ներգրավված լինի որպես գործընկեր՝ հակազդելու համար հետզհետե աճող ռազմավարական վտանգին, որը, Արևմուտքի կարծիքով, ներկայացնում է Իրանը։ Ռուսաստանը, սակայն, մեծ վերապահումներ ունի «հրթիռային վահանի» վերաբերյալ, որը, Ռուսաստանի ռազմական վերլուծաբանների համաձայն, կարող է օգտագործվել գործողության մեծ շառավղով ռուսական միջուկային հրթիռներին հակազդելու համար։