Մատչելի հղումներ

Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսական միջոցների խիստ խնայողության ծրագիր է ներկայացրել


Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիլոնը` ֆինանսական խնայողության միջոցները ներկայացնելու ելույթի ժամանակ, նոյեմբերի 07 2011թ.

Ֆրանսիայի կառավարությունը երկուշաբթի օրը ներկայացրել է ֆինանսական միջոցների խիստ խնայողության ծրագիր:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիլոնը երկուշաբթի օրն անցկացված ասուլիսի ընթացքում ներկայացրել է միլիարդավոր դոլար ծավալով ծախսերի կրճատման և հարկերի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Ֆրանսիայի վարչապետի համաձայն, «անվճարունակություն» բառն այլևս վերացական հասկացություն չէ:

Ֆիլոնի համաձայն, Ֆրանսիայի տնտեսական, ֆինանսական և սոցիալական ինքնավարության պահպանման համար անհրաժեշտ է գործադրել համատեղ ջանքեր և նույնիսկ դիմել որոշ զոհաբերությունների:

Ֆրանսիայի վարչապետի կողմից ներկայացված ծրագիրն անմիջապես ենթարկվել է քննադատության երկրի ընդդիմադիր գլխավոր` Սոցիալական կուսակցության կողմից:

«Աշխատավորական ուժ» արհմիության առաջնորդ Ժան-Կլոդ Մային, խիստ քննադատության ենթարկելով ֆինանսական խիստ խնայողության մասին ծրագիրը, նշել է, որ այն հիմնականում վնաս կհասցնի հասարակ մարդկանց: Նրա համաձայն, Ֆրանսիային և եվրոպական այլ պետություններին այժմ պետք է ոչ թե իրականացնել խնայողության, այլ տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներ:

Ժան-Կլոդ Մայիի հետ համամիտ է Լոնդոցի գործող «Եվրոպական բարեփոխումների կենտրոնի» վերլուծաբան Սիմոն Տիլֆոլդը, որի համաձայն Ֆրանսիայում տնտեսական վերականգնումն արդեն իսկ դադարել է, և երկրի տնտեսությունում կրկին նկատվում են ճգնաժամի ախտանիշներ:

«Այժմ ծախսերի կրճատման ժամանակը չէ: Ծախսերի կրճատումը կարող է նպաստել տնտեսական ճգնաժամի խորացման», - ասել է Տիլֆոլդը:

XS
SM
MD
LG