Ֆրանսիայի խորհրդարանը երեքշաբթի օրը վերսկսել է քննարկումները, այդ երկրում մահմեդական կանանց գլխաշորեր կրելն արգելելու վերաբերյալ:
Առաջարկվող օրենսդրության հաստատման պարագայում, Ֆրանսիայի ողջ տարածքում արգելվելու են այն գլխաշորերը, որոնք ծածկում են կնոջ դեմքը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս կապակցությամբ հայտարարել էր, թե կնոջ դեմքն ամբողջությամբ ծածկելը` դեմ է ֆրանսիական արժեքներին: Երկրի բնակչության շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ ֆրանսիացիների մեծամասնությունը կողմ է արգելք մտցնող օրենքի ընդունմանը:
Ֆրանսիան, որը Եվրոպայի մահմեդական ամենամեծ բնակչություն ունեցող երկիրն է, մինչ այս արդեն իսկ արգելել էր գլխաշորեր կրելը հանրակրթական դպրոցներում:
Այսուհանդերձ, երկրի պետական խորհուրդը, որը հանդիսանում է պետության բարձրագույն վարչական մարմինը, հայտարարել էր, թե օրենքը կարող է հակասել Ֆրանսիայի սահմանադրությանը: