Մատչելի հղումներ

«Ֆորթ Հուդ»-ի մարդասպանը մահվան է դատապարտվել


Դատախազը, հանդես գալով երդվյալ ատենակալների դատարանի առջև, ասել է, որ Հասանը ո՛չ այժմ, ո՛չ էլ երբևէ մարտիրոս չի դառնա

ԱՄՆ-ի երդվյալ ատենակալների ռազմական դատարանը մահվան է դատապարտել ԱՄՆ-ի զինված ուժերի հոգեբույժին, որը 2009 թվականին Տեխաս նահանգում գտնվող «Ֆորթ Հուդ» ռազմակայանում իրականացրել էր 13 զինծառայողի կանխամտածված սպանությունը:

13 զինծառայողից բաղկացած երդվյալ ատենակալների դատարանը չորեքշաբթի օրն ԱՄՆ-ում ծնված մահմեդական, մայոր Նիդալ Հասանին մահվան դատավճիռ է ներկայացրել: Հասանն, ըստ էության, երկու շաբաթ տևած դատավարության ընթացքում փորձում էր ամեն կերպ ստանալ նման դատավճիռ:

Հասանին, որն ասել է, թե Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից վարվող պատերազմի ընթացքում «անցել է հակառակորդի կողմը», ներկայացվել են մեղադրանքներ թալիբների դեմ ԱՄՆ-ի կողմից վարվող պատերազմին մասնակցելու նպատակով Աֆղանստան մեկնելուն պատրաստվող զինծառայողների ուղղությամբ կրակ բացելու մեջ: Հասանի համաձայն, նա կրակ էր բացել ԱՄՆ-ի զինծառայողների վրա՝ կանխարգելելու համար նրանց կողմից մահմեդական զինյալների ուղղությամբ հարձակումների իրականացումը:

Գործին մասնակցող դատախազ, գնդապետ Մայք Մուլիգանի համաձայն, Հասանը, բղավելով «Ալլահու աքբար», կրակ էր բացել անզեն, ոչինչ չակնկալող և անպաշտպան զինծառայողների ուղղությամբ: Նա պահանջել էր, որ Հասանին, որի հարձակման հետևանքով վնասվածքներ էր ստացել 32 մարդ, մահապատժի դատավճիռ ներկայացվի:

Դատախազը, հանդես գալով երդվյալ ատենակալների դատարանի առջև, ասել է, որ Հասանը ո՛չ այժմ, ո՛չ էլ երբևէ մարտիրոս չի դառնա:

«Նա հանցագործ է: Նա սառնասիրտ մարդասպան է», - ասել է դատախազը:

Նիդալ Հասանը, որը դատարանում ինքնուրույն է իրականացնում իր պաշտպանությունը, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա խոստովանել էր, որ կրակը բացվել էր իր կողմից, և դատավարությունն ավարտին մոտենալու ժամանակ ասել էր, թե չի ցանկանում հանդես գալ վերջին խոսքով:

Մահապատժի դատապարտված Հասանի իրավախորհրդականները դատավարության ընթացքում նշել էին, որ 42-ամյա ամբաստանյալը գրեթե որևէ գործողության չէր դիմում՝ մեղադրանքները վիճարկելու համար, քանի որ, ըստ նրանց, նա ցանկանում էր, որ իրեն ներկայացվեն կանխամտածված սպանության մեղադրանքներ, որպեսզի նրան հնարավոր լինի դատապարտել մահվան:

Հասանին ներկայացված մահապատժի, որը կիրականացվի մահաբեր սրսկմամբ, մասին դատավճիռն ինքնաբերաբար կենթարկվի ուսումնասիրության, որը կարող է տևել տարիներ և, վերջիվերջո, պետք է հաստատվի ԱՄՆ-ի նախագահի կողմից՝ իրականացվելուց առաջ: Որպես այլընտրանք, երդվյալ ատենակալների դատարանը կարող էր դատապարտել Հասանին ցմահ բանտարկության:

ԱՄՆ-ի զինված ուժերում մահապատիժները չափազանց հազվադեպ են, և մահապատժի դատավճռի իրականացման սպասում է ընդամենը ևս հինգ բանտարկյալ: ԱՄՆ-ի զինծառայողի մահապատիժ վերջին անգամ իրականացվել էր 1961 թվականին:
XS
SM
MD
LG