Մատչելի հղումներ

Վաշինգտոնում պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսը


ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մոտակայքում գտնվող Բարեփոխման լյութերական եկեղեցում երկուշաբթի օրը կայացել է Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի հովանու ներքո կազմակերպված «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանացի ականատեսների կողմից արված լուսանկարները:

Այս մասին երկուշաբթի օրը տարածված հաղորդագրությունում հայտնել է «Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարան»-ը՝ նշելով, որ պաշտոնական բացումը կայացել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանի, Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի, Բարեփոխման լյութերանական եկեղեցու քահանա, պատվելի Մայքլ Վիլքների և Վաշինգտոնում Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնող Տ. Վիգեն Արքեպիսկոպոս Հայկազյանի մասնակցությամբ:

Ցուցահանդեսն այցելել են նաև Էնն Արբորի Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գևորգ Բարդաքջյանը և Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Հաղորդագրությունում նշվել է, որ ցուցահանդեսի բացման ընթացքում շնորհակալական խոսք է ուղղվել տիկին Ռիտա Բալյանին, որը իր հանգուցյալ ամուսին Վարդգես Բալյանի հետ միասին մեկնարկել են ցուցահանդեսի նյութերի նախապատրաստությունը և մեծ օժանդակություն ցուցաբերել ցուցահանդեսը կյանքի կոչելու գործում:

Ըստ է Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի հաղորդագրության, ցուցահանդեսի անցկացումը հնարավոր է դարձել եվրոպական արխիվներում կատարված մի քանի տարվա ուսումնասիրությունների արդյունքում: Ցուցահանդեսում ներկայացված բազմաթիվ լուսանկարներ ցուցադրվել են առաջին անգամ՝ տասնամյակներ շարունակ մոռացության մատնվելուց հետո:

Լուսանկարների վրա պատկերված են հայ գաղթականներն աքսորի ճանապարհին: Լուսանկարներին կից ներկայացված են հեղինակների օրագրային գրառումները և հուշագրությունները, որոնք վկայում են լուսանկարների վավերականության մասին:

XS
SM
MD
LG