Մատչելի հղումներ

Հայաստանը 64-րդն է՝ «Forbes»-ի «Գործարարության համար լավագույն երկրներ-2013» վարկանիշային աղյուսակում


Ամերիկյան «Forbes» հանդեսը հրապարակած «Գործարարության համար լավագույն երկրներ-2013» վարկանիշային աղյուսակում Միացյալ Նահանգները զբաղեցրել է 14-րդ տեղը:

Ամերիկյան «Forbes» հանդեսը հրապարակել է «Գործարարության համար լավագույն երկրներ-2013» վարկանիշային աղյուսակը, որտեղ ներառված 145 երկրները գնահատվում են 11 տարբեր գործոնների հիման վրա՝ գույքային իրավունքներ, նորարարություն, հարկեր, տեխնոլոգիաներ, կոռուպցիա, ազատություն (անհատական, առևտրի և դրամական), բյուրոկրատիա, ներդրողների պաշտպանվածություն և ֆոնդային շուկայի ցուցանիշներ:

Հիմք ընդունելով այս գործոնները՝ «Forbes»-ում հրապարակված աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Իռլանդիան, որին հետևել են Նոր Զելանդիան և Հոնկոնգը:

«Գործարարության համար լավագույն երկրներ-2013» վարկանիշային աղյուսակը կազմելիս օգտագործվել են « Freedom House», «Heritage Foundation», «Property Rights Alliance», «Transparency International», Համաշխարհային բանկի, և Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից տրամադրվող տվյալները:

«Գործարարության համար լավագույն երկրներ-2013» վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը: Ըստ «Forbes»-ի, երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 7,2 տոկոս, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը՝ 3400 դոլար, առևտրային հաշվեկշիռը՝ 11,5 տոկոս:

«Forbes»-ի հրապարակած վարկանշային աղյուսակի համաձայն, Հայաստանում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գրանցել է 42 տոկոս, գործազրկությունը՝ 7 տոկոս, գնաճը՝ 2,6 տոկոս ցուցանիշներ:

«Գործարարության համար լավագույն երկրներ-2013» վարկանիշային աղյուսակում Հայաստանի հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են, համապատասխանաբար, 55-րդ և 67-րդ տեղում, Թուրքիան զբաղեցրել է 57-րդ, Ռուսաստանը՝ 94-րդ հորիզոնականը:

Ամերիկյան «Forbes» հանդեսը հրապարակած «Գործարարության համար լավագույն երկրներ-2013» վարկանիշային աղյուսակում Միացյալ Նահանգները զբաղեցրել է 14-րդ տեղը:
XS
SM
MD
LG