Առցանց անցկացված մի նոր հետազոտության արդյունքների համաձայն, Միացյալ Նահանգներում 12 երեխաներից մեկը սննդամթերքի նկատմամբ ալերգիա ունի:
«Ռոյթերս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Pediatrics» («Մանկաբուժություն») մասնագիտական հանդեսում հունիսի 20-ին հրապարակված հետազոտության արդյունքները, տեղեկացրել է, որ սննդամթերքի նկատմամբ ալերգիա ունեցող երեխաների մեկ երրորդից ավելին տառապում է նման ալեգիաների ծանր տեսակով:
Հետազոտության արդյունքների համաձայն, ալերգիայի այս տեսակը հիմնականում փոքրամասնությունները ներկայացնող երեխաների մոտ է հանդիպում:
Այս հետազոտությունն իրականացրած խմբի ղեկավար, Չիկագոյի Հարավարևմտյան համալսարանի Ֆայնբերգի անվան բժշկական բաժնի բժիշկ Ռուչի Գուփթայի համաձայն, ալերգիան հատկապես բարդ քրոնիկական վիճակ է, քանի որ երեխաներն առօրյա կյանքում պարտադիր առնչվում են սննդամթերքի հետ:
Բժիշկ Գուփթան ասել է, որ նախկինում կատարված հետազոտությունների արդյունքների համաձայն, Միացյալ Նահանգներում սննդամթերքի նկատմամբ ալերգիա ունի 100 երեխաներից 2-ից 8-ը, սակայն այս տվյալները հիմնականում ձեռք են բերվել այն հետազոտությունների արդյունքում, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են իրենց առողջական վիճակին վերաբերող բազմաթիվ այլ հարցեր:
Հետազոտության ընթացքում մեծահասակները պատասխանել են առցանց մի հարցաշարի, որտեղ ընդգրկված են եղել իրենց ընտանիքում ապրող մեկ երեխայի ունեցած ալերգիաների վերաբերյալ հարցեր:
Երկուշաբթի օրը հրապարակված արդյունքների համաձայն, սննդամթերքի նկատմամբ ալերգիա կամ ալերգիայի ախտանշաններ ունի Միացյալ Նահանգներում բնակվող երեխաների ութ տոկոսը, ինչը կազմում է մոտ վեց միլիոն երեխա։ Նրանց հիմնական մասն ալերգիկ են գետնանուշի, կաթի և խեցեմորթների նկատմամբ:
«Հետազոտությամբ հայտնաբերված կարևոր արդյունքներից է այն, որ հինգ երեխաներից երկուսը տառապում են ալերգիայի ծանր տեսակից, որն առաջացնում է կյանքի համար վտանգ ներկայացնող ռեակցիաներ», - ասել է բժիշկ Գուփթան` հավելելով, որ ամենաբարդ ռեակցիաները հիմնականում նկատվում են ավագ տարիքի երեխաների մոտ, քանի որ փոքր երեխաների մոտ դրանք հիմնականում վերահսկում են ծնողները, որոնք փոքր տարիքի երեխաներին հեռու են պահում ալերգիա առաջացնող սննդից:
Հետազոտական խումբը նաև հայտնաբերել է, որ սննդամթերքի նկատմամբ ալերգիա ունենալու հավանականությունն ավելի մեծ է սևամորթ և ասիական ծագումով երեխաների մոտ, սակայն քիչ հավանական է, որ այդ երեխաների ունեցած ալերգիան ախտորոշվի բժշկի կողմից:
«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Նյու Յորքի «Մաունթ Սինայ» բժշկական համալսարանի բժիշկ Սքոթ Զիքերերն ասել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այս անհավասարության պատճառները:
Բժիշտ Զիքերերը համաձայն է նաև բժիշկ Գուփթայի այն եզրակացության հետ, որ սննդամթերքի նկատմամբ ալերգիան գնալով ավելի մեծ տարածում է գտնում:
Բժիշկ Գուփթայի համաձայն, անհրաժեշտ է ուսումնասիրել նաև այն հարցը, թե արդյոք սննդամթերքի նկատմամբ ալերգիայի դեպքերի աճը պայմանավորված է շրջական միջավայրում տեղի ունեցող գործըթնացներով: