Ջուրը բնական թանկարժեք պաշար է, իհարկե, և որոշ մարդիկ այն սովորական են համարում այնքան ժամանակ, մինչև այն չափից ավելի շատ կամ քիչ չդառնա:
Գիտնականներն ու ինժեներները Փենսիլվանիա նահանգի համալսարանի «կրիտիկական գոտու» դիտակետերից մեկում՝ Շեյլ լեռների շրջանի դիտակետում սարքավորումներ են տեղադրել՝ ջրի շրջանառության մասին նոր տեղեկություններ հավաքելու նպատակով:
«Փորձում ենք ջրի շրջանառության բոլոր մանրամասները հասկանալու համար ամբողջ Միացյալ Նահանգներում ստեղծել փորձարարական հարթակ: Աշխատում ենք նաև եվոպացիների հետ», - ասում է բնապահպանության ոլորտի ինժեներ Քրիս Դաֆին, որի թիմը, ԱՄՆ-ի գիտությունների ազգային հիմնադրամի աջակցությամբ նախատեսում է հնարավորինս մանրամասն տեղեկություններ ստանալ Շեյլ լեռների ջրբաժանի մասին:
Քրիս Դաֆիի թիմը նախատեսում է հնարավորինս մանրամասն տեղեկություններ ստանալ Շեյլ լեռների ջրբաժանի մասին՝ գրանցելով տվյալները բույսերի, հողի և ապարների կողմից կլանվող ջրի և ձյան տեսքով տեղումների մասին:
«Օգտագործում ենք տեղումների լազերային մոնիտորինգի սարքեր, ինֆրակարմիր լազերներ, որոնք չափում են կաթիլները և հայտնում տեղումների տեսակի մասին՝ անձրև, ձյուն, թե՝ մանրակարկուտ», - ասում է Դաֆիի:
Օդերևութաբան Քեն Դեյվիսի համաձայն, սենսորները գրանցում են տվյալները ջրբաժանից հեռացող՝ մթնոլորտ գոլորշու տեսքով վերադարձող ջրի ծավալի մասին:
Այսպես կոչված «ծառերի հյութը» չափող սենսորը չափում է ծառերի ներսում ջրի շարժման արագությունը: Զարմանալի չէ, որ բույսերը ջրի հսկա քանակ են օգտագործում:
Խմբի մասնակիցները բարձրանում են ծառերը՝ ճյուղերի նմուշներ հավաքելու համար, չափում են նաև, թե որքան խորն են իջնում ծառերի արմատները՝ որոնելով ծարավը հագեցնող ջուրը:
Շրջակա միջավայրի մասնագետ Քեթի Գեյնի համաձայն, հետազոտողները, բարձրանալով ծառերին, հավաքում են ճյուղերի նմուշներ և դնում դրանք ապակե տարաների մեջ, ապա տեղափոխում լաբորատորիա, որտեղ չափվում է դրանցում պարունակվող ջուրը՝ պատկերացում կազմելու համար, թե որտեղից է տեղափոխվել ծառի մեջ պարունակվող ջուրը:
Մեծ դեր ունի նաև երկրաբանական կառուցվածքը: Դիտակետի տակ գտնվող հողի և ապարների տեսակից կախված է, թե որքան ջուր է անցնելու գետն և վտակները, ինչպես նաև ստորգետնյա ավազանը:
Հետազոտողներն անդրադառնում են նաև այնպիսի հարցերին, թե արդյոք ջուրը մաքրվում է շարժման ընթացքում, ննչ նյութեր է կլանում այդ ժամանակ, քանի որ, ըստ նրանց, «բոլորիս համար կարևոր է իմանալ, թե հողի մակերեսի տակ ինչ է կատարվում ջրի հետ»:
Դաֆիի համաձայն, նման գիտելիքները կարևոր են նաև ընդհանուր պատկեր կազմելու համար՝ կլիմայի փոփոխությունների պատճառով:
«Կլիմայի գլոբալ փոփոխությունն ու տաքացումը արագացնում են կլիմայի ազդեցությունները՝ որոշ տարածքներում ուժեղացնելով անձրևի տեսքով տեղումները, մյուսներում՝ երաշտները», - ասում է նա:
Ինժեներ Դաֆիի համաձայն, հիմնական նպատակն է՝ հասկանալ ջրի շրջանառությունն այնքան մանրամասն, որքան անհրաժեշտ է, որպեսզի պլանավորմամբ զբաղվող մասնագետները կարողանան կատարելագործել ջրամատակարարման վրա ջրհեղեղների և երաշտների ազդեցության կանխատեսումը: Շեյլ լեռներում կատարվող հայտնագործությունները ստիպում են այս հետազոտությունն իրականացնող մասնագետներին խորացնել իրենց ուսումնասիրությունները: