Մատչելի հղումներ

Յոթ զոհ Դաղստանում՝ ջրհեղեղի պատճառով


Ջրհեղեղը վնասել է բնակելի հարյուրավոր տներ

Հորդառատ անձրևները դարձել են Ռուսաստանի հարավային մասերից մեկում՝ Դաղստանում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառը:

Տարերային այս աղետի զոհ է գնացել յոթ մարդ:

Երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ ջրհեղեղը տեղի է ունեցել Կասպից ծովի ափին գտնվող Դերբենտ քաղաքում, որտեղ աղետի հետևանքներն ազդեցություն են գործել ավելի քան 1000 մարդու վրա, որոնցից 280-ը երեխաներ են:

Ջրհեղեղի պատճառով վնասվել են բնակելի հարյուրավոր տներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում այս տարվա հուլիս ամսվա սկզբին տեղի ունեցած ջրհեղեղը 171 զոհի պատճառն է դարձել:

Կրիմսկ քաղաքի բնակչությունը բողոքել էր, որ իշխանություններն իրենց նախապես տեղյակ չէին պահել կեսգիշերին սպասվող վտանգի մասին, որը ողողել էր տները, շուռ տվել ավտոմեքենաներ, քանդել անցումներ ու մայթեր ու դարձել բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ։

Բնակիչները բողոքել էին նաև, որ իրենց չեն հատկացվել առաջին օգնության պարագաներ ու ցույց չի տրվել որևէ օժանդակություն։

Կրիմսկի բնակիչների բողոքների պատճառով աշխատանքից հեռացվել են տեղական մակարդակի որոշ պաշտոնյաներ:
XS
SM
MD
LG