Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ՀԴԲ-ի գործակալներն ուղևորվել են Ռուսաստան


ՀԴԲ-ի գործակալները գործուղվում են Ռուսաստան՝ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչական հնարավոր հարձակումների կանխարգելման գործում օժանդակություն ցուցաբերելու նպատակով

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն մի քանի տասնյակ գործակալ և այլ մասնագետներ է գործուղում Ռուսաստան՝ Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչական հնարավոր հարձակումների կանխարգելման գործում օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Այս մասին տեղեկացրել է ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմին, որը նշել է, որ օլիմպիական խաղերի նախօրեին գրանցվել է երկու պետությունների հետախուզական խառայությունների ներկայացուցիչների միջև համագործակցության առավել բարձր մակարդակ: Քոմին միաժամանակ անհանգստություն է արտահայտել օլիմպիադայի հետ կապված ահաբեկչական հարձակումների իրականացման հնարավորության կապակցությամբ:

ԱՄՆ-ի ՀԴԲ-ի տնօրենի հայտարարության համաձայն, չնայած ՀԴԲ-ը պատրաստ է ներդրում կատարել օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման գործում, միջազգային մարզական խոշոր այս միջոցառման անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը վերջին հաշվով ընկնում է Ռուսաստանի իշխանությունների վրա:

ՀԴԲ-ի տնօրենի փոխանցմամբ՝ իր գործակալության մոտ երկու տասնյակ ծառայող կտեղակայվեն Մոսկվայում, ևս մոտ տասը գործակալ կուղևորվեն Սոչի, որտեղ արդեն իսկ գտնվում են ՀԴԲ-ի որոշ գործակալներ:

«Ռուսաստանի իշխանությունները հսկա ռեսուրսներ են տրամադրում և ջանքեր գործադրում՝ օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման նպատակով: Մենք կանոնավոր կապ ենք պաշտպանում Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ», - ասել է Ջեյմս Քոմին:

ԱՄՆ-ի ՀԴԲ-ի տնօրենի համաձայն, Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ՀԴԲ-ի ծառայողների ներկայության նպատակներից է «կապուղիների անխափան աշխատանքի ապահովումն է»:

«Նրանց տրամադրության տակ պետք է լինեն հնարավոր վտանգների հետ կապված տեղեկությունները, որպեսզի անհրաժեշտության դեպքում ապահովվի շատ արագ արձագանքումը», - շեշտել է ԱՄՆ-ի ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմին:
XS
SM
MD
LG