Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ՀԴԲ-ն հրապարակել է կասկածների լուսանկարներն ու տեսանյութերը


ՀԴԲ-ը դիմել է հասարակությանը՝ դրանցում պատկերված երկու անձանց նույնականացումն իրականացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար




ԱՄՆ-ի ՀԴԲ-ն հրապարակել է Բոստոնում երեք զոհի և 170 վիրավորների պատճառը դարձած հարձակումներն իրականացրած կասկածների լուսանկարներն ու տեսանյութերը և դիմել է հասարակությանը՝ դրանցում պատկերված երկու անձանց նույնականացումն իրականացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար:

Ահաբեկչական հարձակումների հետաքննությունը գլխավորող ՀԴԲ-ի գործակալ Ռիք Դելորյեի համաձայն, երկու կասկածյալների լուսանկարները հրապարակվել են տեսանյութերի, լուսանկարների և այլ վկայությունների մանրազնին վերլուծություն իրականացնելուց հետո:

«Նրանք նշվել են որպես առաջին և երկրորդ կասկածյալներ: Նրանք ըստ էության համագործակցում են միմյանց հետ: Առաջին կասկածյալը կրում է մուգ գլխարկ: Երկրորդ կասկածյալը կրում է սպիտակ գլխարկ: Երկրորդ կասկածյալը մեջքի պայուսակ է տեղադրել երկրորդ պայթյունի վայրում՝ «Ֆորում» ռեստորանի անմիջապես դիմաց», - ասել է Դելորյեն:

Գործակալը հորդորել է ԱՄՆ-ի բնակչությանը տեղեկություններ հաղորդել իրավապահ մարմիններին և չփորձել ինքնուրույն ձերբակալել կասկածյալներին:

«Մենք նրանց զինված և չափազանց վտանգավոր ենք համարում: Ոչ ոք չպետք է մոտենա նրանց: Ոչ ոք, բացի իրավապահ մարմիններից, չպետք է կատարի նրանց կալանավորելու որևէ փորձ: Կրկնում եմ նախազգուշացումը: Ինքնուրույն որևէ միջոցների չդիմեք: Եթե տեսնեք այս անձանց՝ դիմեք իրավապահ մարմիններին», - շեշտել է ՀԴԲ-ի գործակալը:
XS
SM
MD
LG