Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ՀԴԲ-ը քրեական հետաքննություն է մեկնարկել՝ տվյալների արտահոսքի փաստով


Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլեր
Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլեր

Մյուլեր. «Այս բացահայտումները զգալի վնաս են հասցրել մեր երկրին և մեր անվտանգությանը»

Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլերը խոստացել է անհապաղ գործողություններ ձեռնարկել կառավարական հույժ գաղտնի երկու ծրագրերի մասին տեղեկությունների արտահոսք կատարած ԱՄՆ-ի ԱԱԾ-ի պայմանագրային նախկին աշխատողի նկատմամբ:

ԱՄՆ-ի օրենսդիրների հետ հանդիպման ընթացքում ՀԴԲ-ի տնօրեն Մյուլերը հաստատել է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը հուժկու հարված հասցրած արտահոսքերի փաստով քրեական գործ է հարուցվել:

«Այս բացահայտումները զգալի վնաս են հասցրել մեր երկրին և մեր անվտանգությանը: Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր քայլերը՝ այս բացահայտումներն իրականացրած անձին պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է Մյուլերը, որը, սակայն, չի նշել արտահոսքերի կատարումը խոստովանած Էդվարդ Սնոուդենի անունը:

Սնոուդենն այժմ գտնվում է Հոնկոնգում, որտեղ խոստացել է պայքարել Միացյալ Նահանգներին իրեն հանձնելու բոլոր փորձերի դեմ:

ՀԴԲ-ի տնօրենը սատարել է հետախուզական ծրագրերի իրականացումը՝ ասելով, որ դրանք «ահաբեկչական հարձակումների կանխման օրինական և կարևորագույն գործիք են»: Նա ասել է, թե հետախուզական ծրագրերի բացահայտման հետևանքով հնարավոր ահաբեկիչները կարող են փոխել իրենց պահվածքը, ինչի արդյունքում նրանց հետագծումն է՛լ ավելի դժվարին կդառնա:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ Քեյթ Ալեքսանդերը, հանդես գալով համակարգչային վտանգներն ուսումնասիրող ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովի առջև, չորեքշաբթի օրն ասել էր, թե վերջերս բացահայտված հետախուզական ծրագրի միջոցով հնարավոր էր դարձել կանխել մեկ տասնյակից ավելի ահաբեկչական հարձակում:

«Մենք որևէ թաքուն գործողություններ չենք իրականացնում, մենք գործում ենք՝ ելնելով բոլորիս, մեր երկրի շահերից: Այժմ կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է հնարավորինս մեծ թվով փաստեր ներկայացնել Ամերիկայի ժողովրդին», - ասել էր Ալեքսանդերը:

ԱՄՆ-ի օրենսդիրների համաձայն, Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ծառայությունը շուտով կներկայացնի բացահայտված ծրագրերի մանրամասները:
XS
SM
MD
LG